Անցնել բովանդակությանը
ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ, ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Հոդված 11. Օդային երթևեկության սպասարկումը և հարակից ծառայությունները

գործել է մինչև 2009-03-29Բացել ARLIS-ում

Հոդված 11. Օդային երթևեկության սպասարկումը և հարակից ծառայությունները

1. Օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է այնպես, որպեսզի ապահովվի օդային երթևեկության կարգավարական սպասարկումը (օդային երթևեկության շրջանային կառավարումը)՝

1) միջազգային չվերթերի համար՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով ներդրված ԻԿԱՕ-ի տարածաշրջանային աերոնավիգացիոն պլանի համաձայն.

2) ներքին առևտրային չվերթերի, ռազմական ավիացիայի, ընդհանուր նշանակության ավիացիայի, ավիացիոն այլ գործունության իրականացման համար, եթե դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Նշված նպատակների իրականացման համար, սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, սահմանված կարգով հատկացվում է համապատասխան կառավարվող օդային տարածք:

2. Այն աերոդրոմները, որոնք նախատեսված են միջազգային առևտրային և (կամ) ներքին կանոնավոր առևտրային չվերթերի իրականացման համար, համարվում են կառավարվող աերոդրոմներ, որոնցում լիազորված մարմնի սահմանած կարգով ապահովվում են օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային և աերոդրոմին մոտեցման կարգավարական ծառայությունները: Այլ աերոդրոմներ հայտարարվում են կառավարվող լիազորված մարմնի կողմից, եթե դա անհրաժեշտ է թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Կառավարվող աերոդրոմների գործունեության համար, սույն օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, սահմանված կարգով հատկացվում է համապատասխան կառավարվող օդային տարածք:

3. Խաղաղ ժամանակ ռազմաքաղաքացիական համագործակցությունն օդային տարածքում իրականացվում է օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի (այսուհետ՝ միասնական համակարգ) միջոցով: Միասնական համակարգի գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Լիազորված մարմինը սահմանում է օդային երթևեկության սպասարկման և հարակից միջոցների ապահովման (աերոնավիգացիոն սպասարկման) համար անհրաժեշտ կարգերը, կանոններն ու հաղորդագրությունները և հաստատում համապատասխան ձեռնարկները, սահմանում է ապահովության պահանջները: Նշված ծառայությունների մատուցումն իրականացնում է լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում օդային երթևեկության սպասարկումն ու հարակից միջոցները կարող են ապահովել լիազորված մարմնի կողմից թույլտվություն ստացած (սերտիֆիկացված) այլ կազմակերպություններ: Սույն մասով նախատեսված կազմակերպություններին ու մարմիններին թույլտվություններ տալու (կազմակերպությունների ու մարմինների սերտիֆիկացման) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Հայաստանի Հանրապետությունում օդային երթևեկության սպասարկման կարգավարի գործունեությամբ կարելի է զբաղվել միայն սույն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի տված կամ ուժ ստացած ատեստավորման վկայականի հիման վրա: Սույն օրենքի 30-33-րդ, ինչպես նաև 39-րդ հոդվածների դրույթները հավասարապես կիրառվում են նաև օդային երթևեկության սպասարկման կարգավարների և նրանց ատեստավորման նկատմամբ: Հատկացված օդային տարածքներում բացառապես ռազմական օդանավերի թռիչքների կառավարում իրականացնող ռազմական կարգավարների ատեստավորումն իրականացվում է միասնական համակարգի գործունեության կարգը սահմանող պահանջների հիման վրա:

6. Օդային երթևեկության սպասարկման գործընթացի պարզեցման նպատակով լիազորված մարմինը կարող է օդային երթևեկության սպասարկման ծառայության մատուցման և այլ հարակից գործառույթների իրականացման որոշ իրավասություն փոխանցել մեկ այլ երկրի կամ միջազգային կազմակերպության կամ այլ համապատասխան մարմնի՝ օդային տարածքի որոշակի մասերում և որոշակի բարձրությունների սահմաններում, եթե Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջազգային պայմանագիր, որով սահմանված է, թե ինչ պայմաններով է իրականացվում իրավասության այդպիսի փոխանցումը: Համապատասխանաբար լիազորված մարմինը կարող է օդային երթևեկության սպասարկման և հարակից ծառայությունների մատուցման իրավասություն ստանալ հարևան երկրներից, եթե դրանց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջազգային պայմանագիր:

Միջազգային պայմանագրի բացակայության դեպքում միասնական համակարգի մարմինների կողմից կարող է որոշում կայացվել օդային տարածքի առանձին մասերում միայն օդային երթևեկության սպասարկման իրավասությունը հարևան երկրին փոխանցելու մասին: Համապատասխանաբար միասնական համակարգի մարմինների կողմից կարող է որոշում կայացվել հարևան երկրից օդային երթևեկության սպասարկման իրավասություն ստանալու մասին:

7. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունների ապահովումն իրականացվում է օդերևութաբանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած կարգով՝ լիազորված մարմնի հետ և հաշվի առնելով տվյալ տարածքում սպասարկվելիք օդային երթևեկության տեսակները: Քաղաքացիական ավիացիայի բնագավառում օդերևութաբանական ծառայությունները մատուցում են լիազորված մարմնի համապատասխան թույլտվություն ստացած կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները:

8. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնում է լիազորված մարմինն ինքնուրույն կամ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` համապատասխան թույլտվություն ստացած մասնագիտացված կազմակերպությունը` Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի դրույթների համաձայն, վճարովի հիմունքներով: Լիազորված մարմինն իրականացնում է տվյալների ճշգրտությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումներ:

9. Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի համաձայն` աերոնավիգացիոն տեղեկատվության աղբյուր հանդիսացող բոլոր կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք պարտավոր են համապատասխան տեղեկատվությունը ժամանակին, ճշգրիտ և անվճար տրամադրել լիազորված մարմնին:

10. Օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն (ներառյալ՝ օդերևութաբանական) սպասարկման սակագները ենթակա են հաստատման լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն մասում նշված վճարումներից ազատվող թռիչքների տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կոնցեսիոներների կողմից սահմանվող սակագները կարգավորվում են կոնցեսիոն պայմանագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։