Հոդված 18. Շահագործողի մասին տեղեկությունները և սեփականատիրոջ փոխվելը
Հոդված 18. Շահագործողի մասին տեղեկությունները և սեփականատիրոջ փոխվելը
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի սեփականատերը օդանավը այլ անձի շահագործման տրամադրելու դեպքում պարտավոր է մինչև օդանավի տրամադրումը դրա և օդանավի գտնվելու վայրի մասին տեղեկությունները տրամադրել լիազորված մարմնին:
2. Օդանավերի վերաբերյալ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների փոփոխությունների մասին օդանավի սեփականատերը կամ օդանավ շահագործողը պարտավոր է հայտնել լիազորված մարմնին:
Օդանավի սեփականատիրոջ փոխվելու դեպքում նախկին սեփականատերը նույնպես պարտավոր է այդ փոփոխության մասին հայտնել լիազորված մարմնին:
3. Եթե օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը շահագործելու իրավունքով գտնվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի տրամադրության տակ, ապա վերջինս պարտավոր է լիազորված մարմնին տրամադրել օդանավին վերաբերող փաստաթղթերն ու համապատասխան պայմանագիրը, ինչպես նաև տեղեկացնել պայմանագրում ցանկացած փոփոխության մասին: Նմանատիպ օտարերկրյա օդանավերի և դրանց շահագործողների ցանկը (օտարերկրյա օդանավ շահագործողների ցանկ) վարում է լիազորված մարմինը:
4. Լիազորված մարմինը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Չիկագոյի կոնվենցիայի սահմանած կարգով այլ պետության համապատասխան մարմինների հետ պայմանագրային համաձայնությամբ ստանձնել օդանավի գրանցման պետության որոշակի գործառույթներ և դրանցից բխող պարտավորություններ այդ պետությունում գրանցված օդանավի առնչությամբ, եթե նման օդանավը շահագործվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից վարձակալության կամ այլ պայմանագրային հիմունքներով: Լիազորված մարմինը կարող է նմանատիպ պայմանագրի հիման վրա այլ պետության ավիացիոն իշխանություններին փոխանցել օդանավի գրանցման պետության որոշակի գործառույթներ և դրանից բխող պարտավորությունները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի առնչությամբ, եթե նման օդանավը վարձակալության կամ այլ պայմանագրային հիմունքներով շահագործվում է այնպիսի օդանավ շահագործողի կողմից, որի գործառույթների հիմնական վայրը, իսկ եթե այդպիսին չկա՝ մշտական գրանցման վայրը գտնվում է այլ պետությունում:
Չիկագոյի կոնվենցիայով նախատեսված միջգերատեսչական համաձայնագրերի ցանկը, որոնք կարող են կնքվել լիազորված մարմնի կողմից առանց «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Սույն մասի համաձայն կնքված պայմանագրերը ենթակա են գրանցման ԻԿԱՕ-ի Խորհրդում: