Հոդված 3. Ավիացիայի գործունեության նորմատիվ կանոնակարգման սկզբունքները
Հոդված 3. Ավիացիայի գործունեության նորմատիվ կանոնակարգման սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական կառավարման մարմինները, սույն օրենքի համաձայն, իրականացվող ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում՝
1) ավիացիային (բացառությամբ ռազմականի) առնչվող կամ դրա գործունեության վրա հնարավոր ներգործություն ունեցող կանոններ, կարգեր, հրահանգներ ու այլ իրավական ակտեր մշակելիս և ընդունելիս ապահովում են Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի դրույթներին (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) և, առավել հնարավոր չափով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին դրանց համապատասխանությունը.
2) կանոնակարգման գործընթացի պարզեցման և արագացման նպատակով իրավասու են ճանաչելու և կիրառելու ԻԿԱՕ-ի և քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված փաստաթղթերը, եթե դրանք համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին: Սույն կետում նշված փաստաթղթերն ապահովվում են ԻԿԱՕ-ի կողմից՝ աշխատանքային ճանաչված անգլերենով կամ ռուսերենով:
2. Սույն օրենքի իմաստով՝
1) կոնցեսիոն պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, ինչպես նաև ավիացիայի ոլորտում գործող պետական ոչ առևտրային կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կոնցեսիոներների միջև կնքված պայմանագիրն է և դրանում կատարված փոփոխությունները.
2) կոնցեսիոները «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներն է և այն անձինք են, որոնք լիազորված են շահագործելու և (կամ) կառավարելու այլ օդանավակայաններ կամ ավիացիայի ոլորտի այլ պետական ոչ առևտրային կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ռազմական ավիացիային վերաբերող, իր կողմից սահմանվող կանոնները և կարգերը քաղաքացիական օդանավերի ապահովությանը (թռիչքների անվտանգությանը) առնչվող մասով համաձայնեցնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
4. Սույն օրենքում ավիացիոն հասկացությունները, հապավումներն ու արտահայտություններն օգտագործված են դրանց հանրաճանաչ՝ միջազգայնորեն ընդունված իմաստով: Դրանց մանրամասն սահմանումները տրվում են սույն օրենքի հիման վրա ընդունվող իրավական ակտերում: Նշված իրավական ակտերն ընդունող մարմիններն ապահովում են հասկացությունների, հապավումների և արտահայտությունների սահմանումների առավել հնարավոր չափով համապատասխանությունն ԻԿԱՕ-ի հրապարակած միջազգային ստանդարտներում, առաջարկվող գործելաձևերում և ընթացակարգերում ներկայացրած սահմանումներին ու դրանց փոփոխություններին: