Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Արժեթուղթը` փաստաթուղթ է, որը վկայում է այն թողարկող և ձեռք բերող անձանց միջև գույքային կամ փոխառության առնչությամբ սահմանված փոխհարաբերությունների մասին:
2. Արժեթղթերի սերտիֆիկատը` շրջանառության մեջ արժեթղթերին փոխարինող փաստաթուղթ է, որը հավաստում է դրանում նշված որոշակի քանակի արժեթղթերի տիրապետման մասին:
3. Ներդրողը (ինվեստորը)` ֆիզիկական անձ է, կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտ է, որը հանդիսանում է արժեթղթերի սեփականատեր կամ նրա կողմից լիազորված անձ:
4. Արժեթղթերի շուկան` արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության առնչությամբ առաջացող փոխհարաբերությունների համակարգ է:
5. Արժեթղթերի թողարկումը (էմիսիան)` շրջանառության մեջ արժեթղթեր բաց թողնելու և դրանց առաջին իրացման գործառնությունն է:
6. Արժեթղթերի շրջանառությունը` արժեթղթերի սեփականատերերի փոփոխությունն է ինչպես արժեթղթերի առուծախի միջոցով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված օտարման այլ եղանակներով:
7. Ազատ շրջանառության իրավունքով արժեթղթերը` այն արժեթղթերն են, որոնց սեփականատերերի փոփոխումը չի վերահսկվում դրանք թողարկողի կողմից, այլ կարող է հաշվառվել դիվիդենտ տալու նպատակով:
8. Սահմանափակ շրջանառության իրավունքով արժեթղթերը` այն արժեթղթերն են, որոնց սեփականատերերի փոփոխումը կատարվում է դրանք թողարկողի մասնակցությամբ կամ վերահսկվում` վերջինիս կողմից:
9. Արժեթղթերի թողարկման ազդագիրը` արժեթղթերի իրացման թույլտվություն ստանալու համար արժեթղթեր թողարկողի կողմից ներկայացվող փաստաթուղթն է, որում հաստատագրված են թողարկողի գործունակության, նրա պարտավորությունների, արժեթղթերի թողարկման նպատակի, ներդրողների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև` այլ տեղեկություններ:
10. Արժեթղթերի տեղաբաշխումը` արժեթղթերի առաջին օտարումն է վաճառքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և թողարկողի (էմիտենտի) կանոնադրությամբ նախատեսված այլ ձևերով:
11. Արժեթղթերի բաց տեղաբաշխումը` արժեթղթերի տեղաբաշխումն է անհայտ ներդրողների շրջանում:
12. Արժեթղթերի փակ տեղաբաշխումը` արժեթղթերի տեղաբաշխումն է հայտնի ներդրողների շրջանում:
13. Գաղտնապահական տեղեկատվությունը` արժեթղթեր թողարկողին և նրա թողարկած արժեթղթերին վերաբերող այն տեղեկատվությունն է, որի օգտագործումը կարող է վնաս հասցնել ներդրողի, արժեթղթեր թողարկողի կամ շուկայի մասնակիցների շահերին:
14. Պետական լիազորված մարմինը` արժեթղթերի շուկայի կարգավորումը և վերահսկումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինն է: