Հոդված 28. Ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելը
Հոդված 28. Ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելը
1. Ապրանքային նշանի գրանցումը կամ նշանի միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության տրամադրումը կարող է վիճարկվել և ճանաչվել անվավեր`
ա) ամբողջովին կամ մասնակիորեն` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 11 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ կամ ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրման մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակման օրվանից 5 տարվա ընթացքում, եթե իրավական պահպանությունը տրամադրվել է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.
բ) ամբողջովին` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի խախտմամբ.
գ) ամբողջովին` իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում, եթե այն տրամադրվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի անունով` առանց տվյալ անձի թույլտվության:
2. Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի հանրահայտ ճանաչումը կարող է վիճարկվել և ճանաչվել անվավեր ամբողջովին կամ մասնակիորեն, դրա իրավական պահպանության ընթացքում, եթե այն հակասում է սույն օրենքի 21.1 հոդվածի պահանջներին:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված ժամկետներում և հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:
Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված ժամկետներում և հիմքերով բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձը:
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքով և ժամկետում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոքը բողոքարկման խորհուրդ կարող է ներկայացնել ցանկացած անձ:
Սույն կետի համաձայն ներկայացված բողոքներին վերաբերող բողոքարկման խորհրդի ընդունած ցանկացած որոշում կարող է վիճարկվել դատական կարգով` այդ որոշումն ընդունելու օրվանից 6-ամսյա ժամկետում:
4. (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-159-Ն)
(28-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ., խմբ. 24.11.04 ՀՕ-139-Ն, 09.04.07 ՀՕ-159-Ն)