Հոդված 6. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ
Հոդված 6. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ
1. Ապրանքային նշանի գրանցման հայտը (այսուհետ` հայտ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված պետական լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում այն անձը, որի անունով (այսուհետ` մինչև սույն օրենքի առաջին մասի ավարտը` հայտատու), որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:
2. Հայտը կարող է ներկայացվել նաև հայտատուի ներկայացուցչի կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
3. Օտարերկրյա անձինք ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով: Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն անձի կողմից տրված լիազորագրով, որի անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը:
4. Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ:
6. Հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակի`
ա) դիմում` ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.
բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում` գույնի և գունային համակցության.
գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:
7. Հայտին կցվում են`
ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ.
գ) արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով:
8. Հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:
9. Հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:
(6-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-497-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.11.04 ՀՕ-139-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-159-Ն)