Հոդված 33. Կենսաթոշակ նշանակելը
Հոդված 33. Կենսաթոշակ նշանակելը
1. Կենսաթոշակը անձի, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում անձի մշտական բնակության վայրի (հասցեի) մասին տվյալների:
2. Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե դիմումի հետ ներկայացվում են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ընդունում է դիմումը և դիմողին գրավոր տեղեկացնում, թե ինչ փաստաթղթեր պետք է լրացուցիչ ներկայացվեն:
Եթե անձը դիմումին չի կցում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքը ձեռք է բերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Տեղեկացվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում դիմումն ընդունելու օրը:
4. Կենսաթոշակ նշանակելու դիմումն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով ընդունելուց կամ երեք ամսվա ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրանք քննարկում է և կայացնում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում:
Կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:
Կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում կայացնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժելու պատճառը և մերժումը բողոքարկելու կարգը:
5. Կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում կայացվում է, եթե`
1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.
2) անձը, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, չունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայր (հասցե).
3) անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
6. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: