Հոդված 55. Անցումային դրույթներ
Հոդված 55. Անցումային դրույթներ
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Այդ դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում պահպանվում են նույնությամբ:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից (առանց հավելումների), ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միաժամանակ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով կենսաթոշակ ստացող անձանց՝ երկու կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանվում է մինչև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն նշանակելը:
2. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքի հիման վրա ձևավորված անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում տվյալներն ամբողջացվում են (այդ թվում` 2012 թվականի տվյալները լիազոր մարմին են ներկայացվում), և դրանք, ինչպես նաև կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա ներառված տվյալները պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան են ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը մահացած` զինվորական կենսաթոշակ ստացած կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստը վճարվում է մահացածի կենսաթոշակի (ներառյալ` կենսաթոշակին տրվող հավելումները) տասնհինգապատիկի չափով, իսկ սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված անձանց մահվան դեպքում՝ չորս հարյուր երեսունհինգ հազար դրամ:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-243-Ն