Հոդված 7. Կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը
Հոդված 7. Կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը
1. Սույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու ժամանակահատվածում: Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա կենսաթոշակ չի ստանում այն պետությունից, որի քաղաքացին է:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի, եթե նա մշտապես կամ առավելապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով) և կենսաթոշակ չի ստանում այլ պետությունից:
2. Սույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (այսուհետ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում), և նրան նշանակվել է կենսաթոշակ (այսուհետ` կենսաթոշակառու):
3. Պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:
4. Անձին սոցիալական կենսաթոշակ չի նշանակվում, եթե նա ունի սույն օրենքով սահմանված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք: