Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը
1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը ներառում է`
1) պետական կենսաթոշակային ապահովությունը.
2) պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը.
3) կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը:
2. Պետական կենսաթոշակային ապահովությանը, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
3. Պետական կենսաթոշակային ապահովությունը (այսուհետ նաև` պետական կենսաթոշակային համակարգ) պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց ապահովում է պետական կենսաթոշակով:
4. Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է կուտակային կենսաթոշակով:
5. Կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված կամավոր կուտակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների կամ ապահովագրական վճարների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ կենսաթոշակով (եկամտով):