Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 35. Կենսաթոշակ վճարելը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 35. Կենսաթոշակ վճարելը

1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:

2. Կենսաթոշակը վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած այլ կազմակերպության միջոցով:

Կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

4. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է:

5. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարի տրամադրումն է անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված փաստաթուղթը կամ հայտարարությունը կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում այն ներկայացնելու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Հաշմանդամության խումբը փոխվելու, ինչպես նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակի փոխարեն հաշմանդամության խումբ ձեռք բերելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու և վերափորձաքննությամբ հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից: Վերափորձաքննությամբ վերստին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակն այդ ժամանակահատվածի համար վճարվում է նախկին հաշմանդամության խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

8. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարվում է ընտանիքի` կենսաթոշակ նշանակելու համար դիմած գործունակ չափահաս անդամին:

Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող բոլոր անդամներին վճարվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ: Ընտանիքի անդամի պահանջով նրա կենսաթոշակը վճարվում է առանձին` այդ մասին դիմում տալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անդամների թիվը փոխվելիս կենսաթոշակի չափը փոխվում է այդ թվին համապատասխան:

9. Կենսաթոշակը վճարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսից հետո կենսաթոշակի գումարը տվյալ լիազորագրով չի վճարվում:

Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի, երբ սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվում է կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։