Հոդված 41. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը
Հոդված 41. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը
1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է`
1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.
3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.
4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.
5) սույն օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում.
6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու դեպքում.
7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
8) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում).
9) օտարերկրյա քաղաքացուն կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.
10) կենսաթոշակի իրավունքը կորցնելու կամ կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.
11) Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում:
Սույն մասում նշված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:
2. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.
2) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.
3) սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու դեպքում:
Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու օրվանից, իսկ սույն մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
3. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է`
1) կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.
2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
3) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում`
ա. տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուն հաջորդող ամսվա 1-ից,
բ. աշխատանքից ազատվելու դեպքում՝ գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա.
5) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու մասին փաստաթուղթը ներկայացնելու դեպքում` բնակության իրավունք ձեռք բերելու օրվանից.
6) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնից ազատվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` արձակվելու կամ ազատվելու օրվանից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
7) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:
Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում` դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը:
4. Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է`
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 3-րդ կետի «բ» ենթակետի, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ 3-րդ մասի 4-րդ կետի հիման վրա վերականգնվելու դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանք ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու մասին բանկից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում:
Սույն մասով սահմանված դեպքում կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով: