Հոդված 10. Քաղաքացիներին ընտրողների ցուցակում ընդգրկելը
Հոդված 10. Քաղաքացիներին ընտրողների ցուցակում ընդգրկելը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ:
3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում է սույն օրենսգրքի 2 հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը, եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 11 հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, և քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
5. Ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները (քաղաքացիները), բացառությամբ տեղական ինքնակառավարման ընտրությունների, ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով, ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում:
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-79-Ն)
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-79-Ն)
8. Համապետական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողները, զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող քաղաքացիները ընդգրկվում են համապատասխան զորամասի ընտրողների ցուցակում:
9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի և լիազոր մարմնի ղեկավարին ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:
10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
11. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկների ղեկավարը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ: Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:
(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 13.10.99 ՀՕ-2, լրաց. 05.04.00 ՀՕ-47, խմբ., լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն)