Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները
Հոդված 11. Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները
1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:
2. Ընտրողների ցուցակում նշվում է մարզի և համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու՝
1) ընտրողների ցուցակում հերթական համարը.
2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը նշվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ընտրողի անձնագրում առկա է հայրանունը).
3) ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին.
4) հաշվառման վայրի հասցեն կամ բնակության վայրի հասցեն, եթե հաշվառում չունի:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըստ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է 4 լրացուցիչ սյունակ՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի և համարի, ընտրողի ստորագրության, հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի ստորագրության և լրացուցիչ նշումների համար:
4. Մեկից ավելի ընտրությունների միաժամանակյա քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է ընտրողի ստորագրության առանձին սյունակ:
5. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)