Հոդված 116. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը
Հոդված 116. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ամփոփելը
1. Քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 63.1 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ըստ ընտրատարածքների ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) պատգամավոր ընտրվելու մասին.
2) պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
2. Պատգամավոր ընտրված է համարվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:
3. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:
4. Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 2 և ավելի թեկնածուներ, ապա նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` ընտրված թեկնածուին որոշելու համար:
5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`
1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
6. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.
2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը.
3) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել:
7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
8. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:
9. Պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով, անցկացվում է վերաքվեարկություն:
Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրությունների ժամանակ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն.
10. Պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օր հետո անցկացվում է նոր ընտրություն:
10.1. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչվելու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է:
11. Նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:
(116-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)