Հոդված 61. Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը
Հոդված 61. Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, դրանում նշելով՝
1) ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակների.
1.1) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեարկության ծրարների թիվը.
2) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) և ելունդների համարները.
2.1) չօգտագործված քվեարկության ծրարների թիվը.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).
4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ).
5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).
6) օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե).
7) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
8) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).
9) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).
9.1) սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը (Զ).
10) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).
11) անճշտությունների չափը:
2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
3. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:
4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
5. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
7. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ, իսկ փաթեթը կնքվում և դրվում է նախապես համարակալված հատուկ պարկում, որի կրկնակի օգտագործումը բացելուց հետո դառնում է անհնարին, իսկ արձանագրության մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` հստակ տեսանելի տեղում՝ սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտելուց անմիջապես հետո, և ոչ ուշ, քան սույն կետով նախատեսված փաստաթղթերը և զմռսված փաթեթը տեղամասային կենտրոնից հանելը: Փաթեթի և պարկի վրա պետք է առկա լինեն հանձնաժողովի երեք անդամների ստորագրությունները, հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում:
8. Թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի վստահված անձի, հանձնաժողովի անդամի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ, ինչպես նաև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, սույն օրենսգրքի 60 և 61 հոդվածներով սահմանված կարգով, փաթեթավորված և պարկի մեջ դրված ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, գործավարության մատյանը և կնիքը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
10. Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության և այդ արձանագրության քաղվածքի ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
(61-րդ հոդվածը փոփ., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց., փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)