Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 30.6 · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 138.18. Քվեարկության և ընտրության արդյունքների ամփոփումը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 138.18. Քվեարկության և ընտրության արդյունքների ամփոփումը

1. Երևանի ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման կարգով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 63.2 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին.

2) Երևանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

3. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 7 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 9 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն (դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (դաշինքները):

4. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (դաշինքների) թեկնածուների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի) թեկնածուների ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Եթե սույն կետով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, իսկ մյուս մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած կուսակցությունների թեկնածուների ցուցակների միջև:

5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով:

Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:

6. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակներից ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:

7. Երևանի ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման, անցկացման և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու ընտրության իրական արդյունքները:

8. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով դատարան կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

9. Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների թեկնածուների ցուցակների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։

10. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:

11. Երևանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող թեկնածուին: Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, կամ հաջորդ թեկնածուները հրաժարվում են մանդատից, ապա մանդատը մնում է թափուր:

(138.18 հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)

(7-րդ բաժինը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։