Հոդված 33.1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը
Հոդված 33.1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը
1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի և հանձնաժողովի անդամների վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ ընտրատարածքի՝ միաժամանակ 5 և ավելի համայնքում կամ (և) 10.000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի վարձրատրության 50 տոկոսի չափով, իսկ հանձնաժողովի անդամը նույն ժամանակահատվածի համար (60 օր)` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի մեկ ամսվա վարձատրության 50 տոկոսի չափով:
Մյուս ընտրությունների դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի վարձատրության չափով:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված դատական ծառայողներն ընտրական հանձնաժողովում աշխատում են հասարակական հիմունքներով:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները՝ նվազագույն աշխատավարձի չափով:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 15 տոկոսը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, յուրաքանչյուր տարվա համար հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրատարակման համար:
(33.1 -րդ հոդվածը լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)