Հոդված 41. Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննությունը
Հոդված 41. Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննությունը
1. Ընդերքօգտագործողն իրավունք ունի սեփական միջոցների հաշվին կատարել իրեն տրամադրված ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննություն:
2. Այն դեպքերում, երբ անկախ փորձաքննության արդյունքներով էապես փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը կամ ստորերկրյա կառույցի համար նախատեսված ընդերքի տեղամասի երկրաբանական կառուցվածքի և այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքօգտագործողը կարող է դիմել լիազորված մարմին՝ ընդերքօգտագործման պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով: Լիազոր մարմինը պարտավոր է դիմումը քննարկել և մեկամսյա ժամկետում ընդունել որոշում:
3. Երկրաբանական տեղեկատվության անկախ փորձաքննություն կարող է կատարվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման և ստորերկրյա կառույցների նախագծերի մշակման, հանքի նախապատրաստման ու շահագործման, ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջացել է տեղեկատվության նկատմամբ նոր մոտեցումների կամ նոր ստացած տվյալների հետևանքով:
4. Անկախ փորձաքննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: