Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակիորեն այլ բան է նշված կամ տեքստի իմաստով այլ բան է ենթադրվում, սույն Կոնվենցիայում օգտագործվում են հետևյալ սահմանումները.
ա/ «Կոմիտե» նշանակում է Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեն, որը հիմնադրվել է Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիայի և սույն Կոնվենցիայում` Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1972 թվականի Արձանագրության հիման վրա,
բ/ «կանեփ բույս» նշանակում է Cannabis ցեղատեսակի ցանկացած բույս,
գ/ «կոկաինի թուփ» նշանակում է Erythroxylon ցեղատեսակի ցանկացած բույս,
դ/ «Առևտրական փոխադրող» նշանակում է ցանկացած անձ կամ հասարակական, մասնավոր կամ այլ կազմակերպություն, որն իրականացնում է անձանց, ապրանքների կամ փոստի տեղափոխում` վարձավճարի կամ այլ տեսակի վարձատրության դիմաց,
ե/ «Հանձնաժողով» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը,
զ/ «բռնագրավում», որը համապատասխան դեպքերում ներառում է նաև առգրավումը, նշանակում է սեփականության իրավունքից վերջնական զրկումը` դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա,
է/ «հսկվող առաքում» նշանակում է այն մեթոդը, որը ենթադրում է թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և սույն Կոնվենցիայի հավելվածում ներկայացված 1-ին կամ 2-րդ աղյուսակներում ներառված նյութերի կամ դրանց փոխարինող նյութերի ապօրինի կամ կասկած հարուցող խմբաքանակների ներկրումը, տարանցումը կամ արտահանումը մեկ կամ մի քանի երկրների տարածքից համապատասխան իրավասու մարմինների գիտությամբ կամ դրանց հսկողության տակ` սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով օրինախախտում համարվող գործողություններին մասնակցող անձանց հայտնաբերման նպատակով,
ը/ «1961 թվականի Կոնվենցիա» նշանակում է Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիան,
թ/ «1961 թվականի Կոնվենցիա` փոփոխություններով և լրացումներով» նշանակում է Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիան` Թմրամիջոցների մասին 1961 թվականի միասնական Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1972 թվականի Արձանագրության համաձայն կատարված փոփոխությունների և լրացումների հետ միասին,
ժ/ «1971 թվականի Կոնվենցիա» նշանակում է Հոգեներգործուն նյութերի մասին 1971 թվականի Կոնվենցիան,
ժա/ «Խորհուրդ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհուրդը,
ժբ/ «սառեցում» կամ «կալանք դնել» նշանակում է սեփականության փոխանցման, փոխանակման, տեղաբաշխման կամ տեղափոխման ժամանակավոր արգելքը կամ սեփականության վրա ժամանակավոր կալանք դնելը կամ առաջինիս նկատմամբ հսկողություն սահմանելը` դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշման հիման վրա,
ժգ/ «ապօրինի շրջանառություն» նշանակում է սույն Կոնվենցիայի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված օրինախախտումները,
ժդ/ «թմրամիջոց» նշանակում է Թմրամիջոցների մասին 1961 թվականի Կոնվենցիայի և այդ նույն Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով` 1-ին և 2-րդ ցանկերում ներառված բնական կամ սինթետիկ նյութերից որևէ մեկը,
ժե/ «ափիոնի խաշխաշ» նշանակում է Papaver somniferum L. ցեղատեսակի բույս,
ժզ/ «եկամուտներ» նշանակում է այն սեփականությունը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացվել կամ ձեռք է բերվել 3-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով օրինախախտում համարվող գործողությունների արդյունքում,
ժէ/ «սեփականություն» նշանակում է ցանկացած տեսակի միջոցներ` նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ, շոշափելի կամ ոչ շոշափելի, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ իրավունքներ կամ դրանցում բաժնեմաս ունենալու փաստը հաստատող իրավական փաստաթղթերը կամ ակտերը,
ժը/ «հոգեներգործուն նյութ» նշանակում է 1971 թվականի Կոնվենցիայի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցանկերում ընդգրկված բոլոր նյութերը` բնական թե սինթետիկ կամ բնական ծագում ունեցող այլ նյութ,
ժթ/ «Գլխավոր քարտուղար» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար,
ժժ/ «Աղյուսակ 1» և «Աղյուսակ 2»-ը նշանակում են նյութերի համապատասխան կերպ համարակալված ցանկերը, որոնք ներկայացված են սույն Կոնվենցիայի հավելվածում և որոնցում ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել 12-րդ հոդվածի դրույթներին համապատասխան,
ժժա/ «տարանցիկ փոխադրման պետություն» նշանակում է այն պետությունը, որի տարածքով տեղափոխվում են ապօրինի թմրամիջոցները, հոգեներգործուն նյութերը և 1-ին և 2-րդ աղյուսակներում ներառված նյութերը, և որը չի հանդիսանում այդ միջոցների և նյութերի ոչ ծագման երկիրը, ոչ էլ վերջնական նշանակման վայրը: