Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Բռնագրավում

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել.

ա/ այն եկամուտների բռնագրավման համար, որոնք ստացվել են 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կատարման արդյունքում, կամ այն սեփականության բռնագրավման համար, որի արժեքը համապատասխանում է այդ եկամուտներին,

բ/ այն թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի, սարքավորումների, նյութերի և այլ միջոցների բռնագրավման համար, որոնք օգտագործվել կամ նախատեսված են եղել 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների կատարման ընթացքում օգտագործման համար։

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է նաև այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել, որպեսզի այդ Կողմի իրավասու մարմինները կարողանան հայտնաբերել, սառեցնել կամ ձերբակալել սույն հոդվածի 1-ին կետում նշված եկամուտները, միջոցները և այլ առարկաները` դրանց հետագա բռնագրավման նպատակով:

3. Սույն հոդվածում նշված միջոցառումների իրականացման նպատակով, յուրաքանչյուր Կողմ լիազորում է իր դատական կամ այլ իրավասու մարմիններին որոշումներ ընդունել բանկային, ֆինանսական կամ առևտրային փաստաթղթերի ստուգման կամ ձերբակալման վերաբերյալ: Կողմը չի խուսափում սույն կետի դրույթներով սահմանված միջոցառումների իրականացումից` հիմք ընդունելով բանկային գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը:

4. ա/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իրավազորություն ունեցող Կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան ուղղված դիմումն ստանալուն պես, Կողմը, որի տարածքում են գտնվում սույն հոդվածի 1-ին կետում նշված եկամուտները, սեփականությունը կամ այլ առարկաները.

/i/ հարցում է ուղղում իր իրավասու մարմիններին` բռնագրավման մասին որոշումն ստանալու նպատակով և, այդ որոշումն ստանալու դեպքում, ի կատար է ածում այն, կամ

/ii/ իր իրավասու մարմիններին է ներկայացնում հարցող Կողմի բռնագրավման մասին սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունած որոշումը` դիմումի մեջ նշված ծավալով այն ի կատար ածելու նպատակով, և այն չափով, որքանով այդ դիմումն առնչվում է 1-ին կետում նշված` հարցվող Կողմի տարածքում գտնվող եկամուտներին, սեփականությանը, միջոցներին կամ այլ առարկաներին:

բ/ 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների նկատմամբ իրավազորություն ունեցող Կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան ուղղված դիմումն ստանալուն պես, հարցվող Կողմը ձեռնարկում է միջոցներ` սույն հոդվածի 1-ին կետում նշված եկամուտները, միջոցները և այլ առարկաները հայտնաբերելու, սառեցնելու կամ ձերբակալելու նպատակով` դրանց հետագա բռնագրավման համար, ինչի մասին որոշումն ընդունում է կամ հարցող Կողմը, կամ էլ հարցվող Կողմը` հիմք ընդունելով սույն կետի ա/ ենթակետի դրույթների հիման վրա ուղղված դիմումը:

գ/ Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված որոշումները և միջոցները հարցվող Կողմն ընդունում և կիրառում է իր օրենսդրությանը, դատավարական նորմերին կամ հարցող Կողմի հետ կնքված երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին համապատասխան:

դ/ 7-րդ հոդվածի 6-ից 19-րդ կետերի դրույթները կիրառվում են mutatis mutandis: Ի լրումն 7-րդ հոդվածի 10-րդ կետում նշված տեղեկությունների, սույն հոդվածի համաձայն ուղղվող դիմումների մեջ պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները.

/i/ սույն հոդվածի «ա»-ից «1»-ին ենթակետով նախատեսված դիմումի դեպքում` բռնագրավման ենթակա սեփականության նկարագրությունը և այն փաստերը, որոնց վկայակոչում է հարցումն ուղղող Կողմը և որոնք բավարար հիմքեր են ստեղծում, որպեսզի հարցվող Կողմն ընդունի իր օրենսդրությանը համապատասխանող անհրաժեշտ որոշումը,

/ii/ սույն հոդվածի «ա»-ից «1»-ին ենթակետով նախատեսված դիմումի դեպքում` ըստ սահմանված կարգի հաստատված` հարցումն ուղղող Կողմից ընդունված բռնագրավման մասին այն որոշման պատճենը, որի վրա հիմնված է դիմումը, առկա փաստերը և տեղեկություններ որոշման կատարման խնդրարկված ծավալների վերաբերյալ,

/iii/ «բ» կետով նախատեսված դիմումի դեպքում` այն փաստերի շարադրանքը, որոնց վկայակոչում է հարցող Կողմը և առաջարկվող միջոցառումների նկարագրությունը:

ե/ Յուրաքանչյուր Կողմ Գլխավոր քարտուղարին է ներկայացնում սույն կետի դրույթների կատարումն ապահովող իր բոլոր օրենքների կամ կանոնակարգերի, ինչպես նաև վերջիններիս մեջ հետագայում կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների տեքստերը:

զ/ Եթե Կողմերից որևէ մեկը ցանկանում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված միջոցների կիրառումը պայմանավորել համապատասխան համաձայնագրի առկայությամբ, ապա այդ Կողմը պիտի սույն Կոնվենցիան ընդունի որպես անհրաժեշտ և բավարար իրավապայմանագրային հիմք:

է/ Կողմերը ձգտում են երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքել միմյանց հետ` սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով:

5. ա/ Սույն հոդվածի 1-ին կամ 4-րդ կետի դրույթների հիման վրա եկամուտների կամ սեփականության բռնագրավում կատարած Կողմը դրանց տնօրինումն իրականացնում է ըստ իր օրենսդրությամբ սահմանված կարգի:

բ/ Սույն հոդվածի դրույթներին համապատասխան մեկ այլ Կողմի խնդրանքով գործող Կողմը կարող է հատուկ կերպով դիտարկել հետևյալ միջոցառումներն իրականացնելու մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը.

/i/ եկամուտների և սեփականության, կամ այդ եկամուտների կամ սեփականության, կամ դրանց մի մասի իրացումից առաջացած միջոցների նվիրաբերում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության և դրանց չարաշահման դեմ պայքարի ոլորտում գործող միջպետական մարմիններին,

/ii/ կողմերի միջև եկամուտների և սեփականության, կամ այդ եկամուտների կամ սեփականության իրացումից առաջացած միջոցների կանոնավոր կամ միանվագ բաշխում` ըստ իր օրենսդրությամբ և այդ նպատակով կնքված երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերով սահմանված կարգի:

6. ա/ Եթե եկամուտները վերածվել կամ փոխակերպվել են սեփականության այլ տեսակների, ապա սույն հոդվածում նշված միջոցները կիրառվում են ոչ թե եկամուտների, այլ այդ սեփականության նկատմամբ:

բ/ Եթե եկամուտները միախառնվել են օրինական ձևով ձեռք բերված սեփականությանը, ապա այդ սեփականությունը, առանց այն կալանքի դնելու կամ սառեցնելու լիազորությունների համար վնասի, ենթակա է բռնագրավման այն ծավալով, որը համապատասխանում է այդ միախառնված եկամուտների գնահատված արժեքին:

գ/ Այն օգուտների և այլ շահույթի նկատմամբ, որոնք ստացվել են`

/i/ եկամուտներից,

/ii/ այն սեփականությունից, որի վերածվել կամ փոխակերպվել են եկամուտները, կամ

/iii/ այն սեփականությունից, որին միախառնվել են եկամուտները,

նույնպես կիրառվում են սույն հոդվածում նշված միջոցները` նույն եղանակով և նույն չափով, որքան և եկամուտների նկատմամբ:

7. Յուրաքանչյուր Կողմ կարող է քննարկել ենթադրյալ եկամուտների կամ բռնագրավման ենթակա այլ սեփականության օրինական ծագումն ապացուցելու բեռի տեղափոխումն ապահովելու հնարավորությունը` այն չափով, որքանով այդպիսի միջոցը համապատասխանում է իր ազգային օրենսդրության սկզբունքներին և դատական կամ այլ հետաքննության բնույթին:

8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի կերպ չեն դիտվում որպես բարեխղճորեն գործող երրորդ կողմերի իրավունքներին վնաս պատճառող:

9. Սույն հոդվածի դրույթներից ոչ մեկը չի խախտում այն սկզբունքը, որ դրանում նշված միջոցները սահմանվում և կիրառվում են միմիայն համապատասխան Կողմի ազգային օրենսդրության դրույթների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։