Հոդված 7
Հոդված 7
Փոխադարձ իրավական օգնություն
1. Կողմերը, սույն հոդվածին համապատասխան, միմյանց ցուցաբերում են բազմակողմ իրավական օգնություն` 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված քրեական օրինախախտումներին առնչվող հետաքննությունների, քրեական հետապնդման և դատաքննությունների իրականացման գործում:
2. Փոխադարձ իրավական օգնությունը, որը ցուցաբերվում է սույն հոդվածի դրույթների համաձայն, կարող է խնդրարկվել հետևյալ նպատակներով.
/ա/ ապացույցների կամ ցուցմունքների հավաքում,
/բ/ դատական հետաքննության նյութերի հետ ծանոթացում,
/գ/ խուզարկությունների և կալանավորումների իրականացում,
/դ/ առարկաների և վայրերի զննում,
/ե/ տեղեկությունների և ապացուցական առարկաների տրամադրում,
/զ/ համապատասխան փաստաթղթերի և նյութերի բնագրերի կամ ըստ սահմանված կարգի հաստատված դրանց պատճենների տրամադրում` ներառյալ բանկային, ֆինանսական, ֆիրմային կամ առևտրային փաստաթղթերը,
/է/ ապացուցական նպատակներով եկամուտների, սեփականության կամ այլ առարկաների հայտնաբերում:
3. Կողմերը կարող են միմյանց ցուցաբերել հարցվող Կողմի ազգային օրենսդրությամբ թույլատրվող այլ տեսակի փոխադարձ իրավական օգնություն:
4. Ներկայացված դիմումին համապատասխան, Կողմերը հեշտացնում կամ խրախուսում են, որքանով դա ընդունելի է իր ազգային օրենսդրության կամ գործնական տեսակետից, այն անձանց ներկայությունը կամ մատչելիությունը` ներառյալ կալանքի տակ գտնվող անձանց, որոնք իրենց համաձայնությունն են տալիս օգնություն ցուցաբերել հետաքննությանը կամ մասնակցել դատաքննությանը:
5. Կողմը չպետք է հրաժարվի սույն հոդվածի համաձայն իրավական օգնություն ցուցաբերելուց, դա պատճառաբանելով բանկային գաղտնիքի պահպանման անհրաժեշտությամբ:
6. Սույն հոդվածի դրույթները չեն ազդում այն հանգամանքների վրա, որոնք բխում են ցանկացած այլ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերից, որոնք կարգավորում են կամ կկարգավորեն, ամբողջությամբ կամ մասնակիորեն, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերումը:
7. Սույն հոդվածի 8-ից 19-րդ կետերի դրույթները կիրառվում են դրանց հիման վրա ներկայացված դիմումների նկատմամբ, եթե համապատասխան Կողմերը միմյանց հետ կապված չեն փոխադարձ իրավական օգնության մասին որևէ համաձայնագրով: Եթե այդ Կողմերը կապված են նման համաձայնագրով, ապա կիրառվում են այդ համաձայնագրին համապատասխան դրույթները, եթե Կողմերը համաձայնության չեն եկել դրա փոխարեն սույն հոդվածի 8-ից 19-րդ կետերը կիրառելու վերաբերյալ:
8. Կողմերը նշանակում են այն մարմինը, կամ, անհրաժեշտության դեպքում, մարմինները, որոնք պարտավոր են և լիազորված են բավարարել փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման դիմումները կամ կատարման նպատակով դրանք առաքել համապատասխան իրավասու մարմիններին: Գլխավոր քարտուղարը ծանուցվում է այդ նպատակով նշանակվող մարմնի կամ մարմինների մասին: Փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու դիմումների և դրանց առնչվող ցանկացած տեղեկությունների առաքումը կատարվում է նշանակված մարմինների միջոցով. սույն դրույթը չի խախտում Կողմի` նման դիմումները և հաղորդագրությունները դիվանագիտական ուղիներով, իսկ արտակարգ հանգամանքների դեպքում` նաև, եթե դա հնարավոր է, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության միջոցով ուղղելը պահանջելու իրավունքը:
9. Դիմումներն ուղղվում են գրավոր ձևով` հարցվող Կողմի համար ընդունելի լեզվով: Գլխավոր քարտուղարը ծանուցվում է յուրաքանչյուր Կողմի համար ընդունելի լեզվի կամ լեզուների մասին: Արտակարգ հանգամանքների պայմաններում և Կողմերի միջև համաձայնեցված լինելու դեպքում, նման դիմումները կարող են ուղղվել բանավոր ձևով, սակայն դրանք անմիջապես հաստատվում են գրավոր ձևով:
10. Փոխադարձ իրավական օգնության դիմումի մեջ նշվում են.
/ա/ տեղեկություններ դիմող մարմնի մասին,
/բ/ դիմումի առարկայի և դրա հետ առնչվող հետաքննության, քրեական հետապնդման կամ դատաքննության բնույթը, ինչպես նաև այդ հետաքննությունը, քրեական հետապնդումը կամ դատաքննությունը վարող մարմնի անվանումը և գործառույթները,
/գ/ համապատասխան փաստերի համառոտ շարադրանքը` բացառությամբ այն ամենի, ինչ վերաբերում է դատական փաստաթղթերի հետ ծանոթանալու դիմումներին,
/դ/ պահանջվող օժանդակության բնույթի նկարագրությունը և մանրամասն տեղեկություններ այն ընթացակարգի վերաբերյալ, որը ցանկանում է կիրառել դիմող Կողմը,
/ե/ հնարավորության դեպքում` տեղեկություններ համապատասխան անձի, իր գտնվելու վայրի և քաղաքացիության վերաբերյալ,
/զ/ ապացույցների և տեղեկությունների հավաքման, ինչպես նաև կոնկրետ միջոցների կիրառման նպատակը:
11. Հարցվող Կողմը կարող է կատարել լրացուցիչ տեղեկությունների հարցում, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են այդ Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան դիմումի բավարարման համար, կամ եթե այդ տեղեկությունները կարող են հեշտացնել դիմումի բավարարումը:
12. Դիմումը բավարարվում է համաձայն հարցվող Կողմի ազգային օրենսդրության այնքանով, որքանով դա չի հակասում վերջինիս դրույթներին, և հնարավորության չափ` դիմումի մեջ նշված ընթացակարգերին համապատասխան:
13. Հարցող Կողմը չի փոխանցում և չի օգտագործում հարցվող Կողմի տրամադրած տեղեկությունները կամ ապացույցները որևէ այլ հետաքննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացման նպատակներով, բացի դիմումի մեջ նշվածներից` առանց հարցվող Կողմի նախնական համաձայնության:
14. Հարցվող Կողմը կարող է պահանջել, որպեսզի հարցող Կողմը պահպանի դիմումի գոյության և բնույթի գաղտնիությունը, բացառությամբ այն ամենի, ինչ անհրաժեշտ է բուն դիմումը բավարարելու համար: Եթե հարցվող Կողմը չի կարող կատարել գաղտնիության պահպանման պահանջը, ապա նա այդ մասին անհապաղ հայտնում է հարցող Կողմին:
15. Փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու դիմումը կարող է մերժվել.
/ա/ եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի դրույթներին,
/բ/ եթե հարցվող Կողմը համարում է, որ դիմումի բավարարումը կարող է վնաս պատճառել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգուկանոնին կամ այլ կենսական կարևորություն ունեցող շահերին,
/գ/ եթե հարցվող Կողմի ազգային օրենսդրությունն իր մարմիններին արգելում է բավարարել համանման օրինախախտման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե այդ օրինախախտումը հանդիսացել է այդ մարմինների լիազորությունների շրջանակներում հետաքննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացման առարկա,
/դ/ եթե այն հակասում է հարցվող Կողմի իրավական համակարգի` փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման դիմումներին վերաբերող դրույթներին:
16. Փոխադարձ իրավական օգնության դիմումի ցանկացած պատճառով մերժումը պետք է հիմնավորվի:
17. Հարցվող Կողմը կարող է հետաձգել փոխադարձ իրավական օգնության ցուցաբերումը այն բանի հիման վրա, որ այդ օգնությունը խոչընդոտում է վարվող հետաքննությունը, քրեական հետապնդմանը կամ դատաքննությանը: Այս դեպքում հարցվող Կողմը խորհրդակցություններ է անցկացնում հարցումն ուղղող Կողմի հետ` որոշելու համար, թե արդյոք հնարավոր կլինի պահանջվող օգնությունը ցուցաբերել հարցվող Կողմի համար ընդունելի ժամկետներում և պայմաններով:
18. Վկան, փորձագետը կամ ցանկացած այլ անձը, որը համաձայնում է ցուցմունքներ տալ դատաքննության ընթացքում կամ աջակցություն ցուցաբերել հարցող Կողմի տարածքում վարվող հետաքննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացմանը, այդ տարածքում չի ենթարկվում քրեական հետապնդման, ձերբակալման, որևէ պատժի կամ անձնական ազատության ցանկացած այլ սահմանափակման` այն արարքների, խախտումների կամ դատվածությունների առնչությամբ, որոնք վերաբերում են հարցվող Կողմի տարածքից մեկնելուն նախորդող ժամանակահատվածին: Անձնական անվտանգության նման երաշխիքի գործողությունը դադարում է, եթե վկան, փորձագետը կամ այլ անձը, պաշտոնապես ծանուցված լինելով այն մասին, որ դատական մարմինների համար իր ներկայությունն այլևս պարտադիր չէ, այդ ծանուցման ստացմանը հաջորդող տասնհինգ օրվա, կամ Կողմերով համաձայնեցված ցանկացած այլ ժամանակահատվածի ընթացքում ունեցել է այդ տարածքը լքելու հնարավորություն, այնուամենայնիվ կամավոր կերպով մնացել է այդ տարածքում կամ, այն լքելով, սեփական կամքով կրկին հետ է վերադարձել:
19. Դիմումի բավարարման հետ կապված սովորական ծախսերը հոգում է հարցվող Կողմը, եթե համապատասխան Կողմերն այլ կերպ պայմանավորված չեն: Եթե դիմումի բավարարման համար պահանջվում են կամ կպահանջվեն էական կամ արտակարգ ծախսեր, ապա Կողմերն անցկացնում են խորհրդակցություններ` դիմումի բավարարման ժամկետները և պայմանները որոշելու, ինչպես նաև այդ ծախսերի հատուցման ուղիներ հայտնաբերելու նպատակով:
20. Կողմերը քննարկում են, որքանով դա անհրաժեշտ է, այնպիսի երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կնքման հնարավորությունը, որոնք կհամապատասխանեն սույն հոդվածի նպատակներին, կնպաստեն վերջինիս դրույթների ամրապնդմանը և արդյունավետ գործնական կիրառմանը: