Հոդված 3
Հոդված 3
Օրինախախտումներ և պատժամիջոցներ
1. Կողմերից յուրաքանչյուրը ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են պահանջվել դիտավորյալ կատարված հետևյալ գործողություններն իր ազգային օրենսդրության համաձայն քրեական հանցագործություններ ճանաչելու համար.
/ա/ /i/ ի խախտումն 1961 թվականի Կոնվենցիայի, նույն Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի Կոնվենցիայի, ցանկացած թմրամիջոցի կամ ցանկացած հոգեներգործուն նյութի արտադրությունը, պատրաստումը, լուծարումը, առաջարկումը, առաջարկումը` վաճառքի համար, տարածումը, վաճառքը, ցանկացած պայմաններով կատարվող առաքումը, միջնորդությունը, փոխադրումը, տարանցիկ փոխադրումը, տեղափոխումը, ներմուծումը կամ արտահանումը,
/ii/ ափիոնի խաշխաշի, կոկաինի թփի կամ կանեփ բույսի մշակումը թմրամիջոցների արտադրության նպատակով` ի խախտումն 1961 թվականի Կոնվենցիայի և նույն Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով,
/iii/ ցանկացած թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութ պահելը կամ ձեռք բերելը` վերոշարադրյալ 1-ին ենթակետում թվարկված գործունեության տեսակներից որևէ մեկի իրականացման նպատակով,
/iv/ սարքավորումների, սարքերի կամ 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված նյութերի պատրաստում, տեղափոխում կամ տարածում, եթե հայտնի է, որ դրանք նախատեսված են թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի մշակման, արտադրության կամ պատրաստման համար,
/v/ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված ապօրինի գործունեության տեսակների կազմակերպումը, ղեկավարումը և ֆինանսավորումը,
բ/ /i/ սեփականության փոխարկումը կամ փոխանցումը, եթե հայտնի է, որ այդ սեփականությունը ձեռք է բերվել սույն կետի /ա/ ենթակետի իմաստով ցանկացած օրինախախտում կամ օրինախախտումներ համարվող գործողությունների արդյունքում, կամ էլ նման օրինախախտմանը կամ օրինախախտումներին մասնակցելու արդյունքում, սեփականության ապօրինի աղբյուրի թաքցման կամ պարտակման նպատակով կամ նման օրինախախտման կամ օրինախախտումների կատարման մասնակցին օգնություն ցուցաբերելու նպատակով, որպեսզի վերջինս կարողանա խուսափել իր կողմից կատարված գործողությունների համար սահմանված պատասխանատվությունից,
/ii/ սեփականության իրական բնույթի, աղբյուրի, գտնվելու վայրի, տնօրինման կարգի, տեղափոխման, դրա նկատմամբ իրական իրավունքների կամ պատկանելության թաքցնումը և պարտակումը, եթե հայտնի է, որ այդ սեփականությունը ձեռք է բերվել սույն կետի /ա/ ենթակետի իմաստով ցանկացած օրինախախտում կամ օրինախախտումներ համարվող գործողությունների արդյունքում, կամ էլ նման օրինախախտմանը կամ օրինախախտումներին մասնակցելու արդյունքում,
գ/ իր սահմանադրական դրույթների և օրենսդրական համակարգի հիմնադրույթների մտապահումով.
/i/ սեփականության ձեռքբերում, տիրապետում կամ օգտագործում, եթե ձեռքբերման պահին հայտնի է եղել, որ այդ սեփականությունը ստացվել է սույն կետի /ա/ ենթակետի իմաստով ցանկացած օրինախախտում կամ օրինախախտումներ համարվող գործողությունների արդյունքում, կամ էլ նման օրինախախտմանը կամ օրինախախտումներին մասնակցելու արդյունքում,
/ii/ 1-ին և 2-րդ աղյուսակներում նշված սարքավորումների, սարքերի և նյութերի տիրապետում, եթե հայտնի է, որ դրանք օգտագործվում են և նախատեսված են որևէ թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի մշակման, արտադրության կամ պատրաստման համար,
/iii/ սույն հոդվածով սահմանված օրինախախտում կատարելու կամ թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր օգտագործելու հրապարակային սադրանք կամ ցանկացած այլ միջոցներով դրդում,
/iv/ սույն հոդվածով սահմանված օրինախախտմանը կամ օրինախախտումներին մասնակցելը կամ դրանց կատարման նպատակով հանցավոր համաձայնության գալը, նման օրինախախտում կամ օրինախախտումներ կատարելու փորձը, սադրանքները, դրանց մասնակցելը, ինչպես նաև դրանց կատարման ընթացքում խորհուրդներ տալը:
2. Յուրաքանչյուր Կողմ, իր սահմանադրական դրույթներին և օրենսդրական հիմնադրույթներին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ, որոնք կարող են պահանջվել իրենց օրենսդրության իմաստով ի խախտումն 1961 թվականի Կոնվենցիայի, 1961 թվականի Կոնվենցիայի` փոփոխություններով և լրացումներով և 1971 թվականի Կոնվենցիայի ցանկացած թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութ պահելը, ձեռք բերելը կամ մշակելը օրինախախտումներ համարելու համար, եթե դրանք կատարվում են դիտավորյալ:
3. Գիտակցումը, մտադրությունը և նպատակը, որպես սույն հոդվածի 1-ին կետում նշված օրինախախտման բաղադրիչ տարրեր, կարող են հաստատվել գործի օբյեկտիվ փաստացի հանգամանքներով:
4. ա/ Յուրաքանչյուր Կողմ, սույն հոդվածով սահմանված օրինախախտումների կատարման համար, նախատեսում է այդ օրինախախտումների չափազանց ծանր բնույթը հաշվի առնող այնպիսի պատժամիջոցների կիրառում, ինչպիսիք են բանտարկությունը կամ ազատազրկման այլ միջոցները, տուգանային պատժամիջոցներ և բռնագրավում,
բ/ ի լրումն սույն հոդվածով սահմանված օրինախախտման կատարման համար նախատեսված դատապարտման կամ պատժման, Կողմերը խախտողի նկատմամբ կարող են սահմանել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են բուժումը, վերադաստիարակումը, հետբուժումային հսկողության իրականացումը, աշխատունակության վերականգնումը կամ սոցիալական վերամիավորումը,
գ/ անկախ վերոշարադրյալ ենթակետերով սահմանված դրույթներից, համապատասխան դեպքերում, երբ կատարված օրինախախտումը սակավանշանակ է, Կողմերը կարող են որպես դատապարտման կամ պատժման այլընտրանքային այնպիսի միջոցներ սահմանել, ինչպիսիք են վերադաստիարակումը, աշխատունակության վերականգնումը կամ սոցիալական վերամիավորումը, ինչպես նաև, եթե խախտողը թմրամոլ է` վերջինիս բուժումը և հետբուժումային հսկողությունը,
դ/ սույն հոդվածի 2-րդ կետի իմաստով օրինախախտում համարվող գործողություն կատարելու համար դատապարտման կամ պատժման փոխարեն կամ ի լրումն դրանց, Կողմերը կարող են նախատեսել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են խախտողի բուժումը, վերադաստիարակումը, հետբուժումային հսկողությունը, աշխատունակության վերականգնումը և սոցիալական վերամիավորումը:
5. Կողմերն ապահովում են, որ իրենց դատական կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ իրավասու մարմինները որպես սույն հոդվածի 1-ին կետի իմաստով օրինախախտումներ համարվող գործողությունները ծանրացնող հանգամանքներ համարեն հետևյալ հանգամանքները.
ա/ օրինախախտման մեջ հանցավոր խմբի մասնակցությունը, որի կազմի մեջ է մտնում օրինախախտը,
բ/ օրինախախտի մասնակցությունը միջազգային կազմակերպված հանցավորության այլ տեսակներին,
գ/ օրինախախտի մասնակցությունը տվյալ օրինախախտման կատարմանը նպաստող ապօրինի գործունեության այլ տեսակներին,
դ/ օրինախախտի կողմից բռնության գործադրում կամ զենքի կիրառում,
ե/ այն փաստը, որ օրինախախտը պաշտոնատար անձ է հանդիսանում, և տվյալ օրինախախտումը կապված է իր պաշտոնի հետ,
զ/ անչափահասների ներգրավում և օգտագործում,
է/ այն փաստը, որ օրինախախտումը կատարվել է ուղղիչ հիմնարկում, ուսումնական կամ հասարակական հաստատությունում կամ դրանց անմիջական հարևանությամբ, կամ այլ վայրերում, որտեղ դպրոցականները և ուսանողները անց են կացնում ուսումնական, սպորտային և հասարակական միջոցառումներ,
ը/ նախկին դատվածությունների առկայությունը` հատկապես նմանատիպ օրինախախտումների համար, արտասահմանյան կամ սեփական երկրում, որքանով դա ընդունելի է և համապատասխանում է տվյալ Կողմի ազգային օրենսդրությանը:
6. Կողմերը ձգտում են ապահովել սույն հոդվածով սահմանված օրինախախտումների կատարման համար դատական կարգով անձանց հետապնդմանն առնչվող ցանկացած ինքնահայաց իրավական լիազորությունների կիրառումը` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան` այդ օրինախախտումների նկատմամբ օրինապահ միջոցները առավել արդյունավետ դարձնելու նպատակով և հաշվի առնելով նման օրինախախտումների կատարմանը խոչընդոտելու անհրաժեշտությունը:
7. Կողմերն ապահովում են, որ իրենց դատական և այլ իրավասու մարմինները հաշվի կառնեն սույն հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների լուրջ բնույթը, և սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված հանգամանքները` նման օրինախախտումների կատարման համար դատապարտված անձանց վաղաժամկետ կամ պայմանական ազատման հարցի քննարկման ժամանակ:
8. Յուրաքանչյուր Կողմ, անհրաժեշտության դեպքում, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտումների համար դատական կարգով հետապնդման վաղեմության երկարատև ժամկետ է սահմանում, և ավելի երկարատև ժամկետ այն դեպքերում, երբ ենթադրվող օրինախախտը խուսափում է արդարադատությունից:
9. Յուրաքանչյուր Կողմ, իր մոտ գործող իրավական համակարգին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ապահովի սույն հոդվածի 1-ին կետով սահմանված օրինախախտման համար մեղադրվող կամ դատապարտված անձի ներկայությունը պարտադիր հետաքննչական միջոցառումներին:
10. Սույն Կոնվենցիայի, մասնավորապես, դրա 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածների շրջանակներում Կողմերի միջև համագործակցության նպատակների համար, սույն հոդվածով սահմանված օրինախախտումները չեն դիտվում որպես ֆինանսական կամ քաղաքական օրինախախտումներ, կամ քաղաքական դրդապատճառներով կատարված օրինախախտումներ` առանց որևէ վնասի Կողմերի սահմանադրական սահմանափակումների և հիմնական օրենքների կիրառման համար:
11. Ոչինչ սույն հոդվածում չի հակասում այն սկզբունքին, որ այստեղ սահմանված օրինախախտումների նկարագրությունը գտնվում է յուրաքանչյուր Կողմի ազգային օրենսդրության իրավասությունների շրջանակներում և որ պատիժները նման օրինախախտումների համար իրականացվում են այդ օրենսդրությանը համապատասխան: