Հոդված 12
Հոդված 12
Տեղեկատվություն
1. Առանց հակասելու Կոնվենցիայի 27-րդ և 28-րդ հոդվածներին` Մասնակից պետությունները, իրենց ներքին իրավական և վարչական համապատասխան համակարգերի համաձայն, միմյանց միջև կփոխանակեն համապատասխան կոնկրետ տեղեկություններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի լիազորված արտադրողների, վաճառողների, ներկրողների, արտահանողների և, հնարավորության դեպքում, փոխադրողների մասին տեղեկությունները:
2. Առանց հակասելու Կոնվենցիայի 27-րդ և 28-րդ հոդվածներին` Մասնակից պետությունները, իրենց ներքին իրավական և վարչական համապատասխան համակարգերի համաձայն, միմյանց միջև կփոխանակեն համապատասխան տեղեկություններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.
ա) կազմակերպված հանցավոր խմբերը, որոնք` հայտնի է կամ ենթադրվում է, որ մասնակցում են հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությանը կամ ապօրինի շրջանառությանը.
բ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության ընթացքում կիրառվող քողարկման միջոցները և դրանց բացահայտման ձևերը.
գ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության մեջ ներգրավված կազմակերպված հանցավոր խմբերի կողմից սովորաբար օգտագործվող մեթոդներն ու միջոցները, ուղարկման կետերը, հասցեագրման վայրը և երթուղիները.
դ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը կանխելուն, վերացնելուն կամ դրանց դեմ պայքարին ուղղված օրենսդրական փորձը և գործելակերպը:
3. Մասնակից պետությունները կտրամադրեն կամ, հարկ եղած դեպքում, միմյանց միջև կփոխանակեն օրենքի հարկադիր կատարումն ապահովող մարմինների համար օգտակար համապատասխան գիտատեխնիկական տեղեկություններ, որպեսզի ամրապնդեն միմյանց կարողությունները` կանխելու, բացահայտելու և հետաքննելու համար հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը և դատական կարգով հետաքննելու համար նման գործունեության մեջ ներգրավված անձանց:
4. Մասնակից պետությունները կհամագործակցեն այն հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի վերահսկողության գործում, որոնք կարող են լինել անօրինական կերպով արտադրված կամ ապօրինի շրջանառված: Նման համագործակցությունը ներառում է, հասանելի միջոցների շրջանակում, պատասխանների անհապաղ տրամադրումը նման հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի վերահսկման գործում աջակցության դիմումներին:
5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի կամ ցանկացած միջազգային համաձայնագրի հիմնարար հայեցակետերին համապատասխան, կերաշխավորի, սույն հոդվածի համաձայն, մեկ այլ Մասնակից պետությունից ստացված տեղեկատվության գաղտնիությունը` ներառյալ առևտրային գործարքներին առնչվող մասնավոր տեղեկությունները, և այդ տեղեկատվությունը կիրառելիս կպահպանի բոլոր սահմանափակումները, եթե տեղեկությունը տրամադրող Մասնակից պետության կողմից նման խնդրանք է եղել: Եթե այդ գաղտնիությունը չի կարող պահպանվել, տեղեկություն տրամադրող Մասնակից պետությունը մինչև դրա հրապարակումը պետք է ծանուցվի այդ մասին: