Հոդված 20. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը
Հոդված 20. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը
1. Պետական ծառայության միևնույն պաշտոնում պետական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` պաշտոնային դրույքաչափի բնականոն աճ` աշխատավարձի համապատասխան սանդղակի պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը, եթե պետական ծառայողի միևնույն պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը:
2. Պետական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում պետական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայության ստաժի ընդմիջման ընթացքում պետական ծառայողն անընդմեջ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:
4. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն՝ հետևյալ սխեմայով.
1) հիմնական աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ տարին մեկ անգամ.
2) հիմնական աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.
3) հիմնական աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ մակարդակի ավելացում՝ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.
4) հիմնական աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ:
5. Տվյալ պաշտոնում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է պետական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ: Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հերթական մակարդակի ավելացման ժամանակ հաշվի են առնվում նաև նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունքները:
6. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական մակարդակի ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան: