Հոդված 22. Պետական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը
Հոդված 22. Պետական ծառայողների պարգևատրման աղբյուրները, չափերը և կարգը
1. Պետական ծառայության մարմինների համար պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:
2. Յուրաքանչյուր մարմնի համար պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի պետական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ միասնական տոկոսային արտահայտությամբ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի), որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:
3. Յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10 տոկոսը:
4. Պետական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա հիմնական աշխատավարձի նկատմամբ:
5. Տվյալ մարմնում կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից պետական ծառայողի պարգևատրման չափը հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը` հիմք ընդունելով պետական ծառայողի անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:
6. Պետական ծառայողը պարգևատրում չի ստանում, եթե կիսամյակային հաշվետվությունը գնահատվել է բացասական, կամ պարգևատրում տալու վերաբերյալ որոշում ընդունելու պահին չի հանդիսանում պետական ծառայող:
7. Կիսամյակային հաշվետվության հիման վրա պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 10-ը:
8. Պետական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից վճարվում է այն մարմնից, որտեղ պետական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական: Պետական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրման և դրա հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
9. Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված այլ պաշտոնատար անձը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պետական ծառայողներին կարող է պարգևատրել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
10. Պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: