Հոդված 7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը
Հոդված 7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը
1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում՝ օտար լեզուների իմացության, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:
2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ: Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի կամ կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի կամ կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի:
3. Կոչման համար հավելավճարը տրվում է միայն հարկային և մաքսային ծառայողներին, ընդ որում, հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար:
4. Քաղաքացիական ծառայողին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին) հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով, ընդ որում՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում:
5. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում աշխատելու ժամանակահատվածում:
6. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը: