Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 11. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելը և ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազան

գործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելը և ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազան

1. Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է տարածքային կենտրոն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

3. Տարածքային կենտրոնը դիմում-հայտարարագիրը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում, իսկ դիմում-հայտարարագրում և փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալները մուտքագրում է ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազա:

4. Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական բազան տեղակայվում է պետական նպաստների բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքէջում, որը հասանելի է դիմող ընտանիքին` իր տվյալների մասով:

5. Ընտանիքների անապահովության միավորի հիման վրա նշանակվող պետական նպաստի համար դիմելու օր է համարվում տարածքային կենտրոնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Եթե դիմում-հայտարարագիրը և դրան կից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացված են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ապա դիմում-հայտարարագիրն ընդունված է համարվում դրանք ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային կենտրոնը նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

6. Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմելու օր է համարվում դիմում-հայտարարագրի սկզբնական ներկայացման օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

7. Դիմում-հայտարարագիրը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ընդունելուց կամ փաստաթղթերը սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով ներկայացվելուց հետո տարածքային կենտրոնը 30 օրվա ընթացքում դրանք քննարկում և որոշում է կայացնում, որի մասին իրազեկվում է դիմողը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

8. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները փոխվելու դեպքում դիմողը փոփոխության օրվանից սկսած՝ 30-օրյա ժամկետում, դիմում է տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

9. Դիմողը դիմելու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա ընթացքում կրկին դիմում է տարածքային կենտրոն` ներկայացնելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները հավաստող փաստաթղթերը:

10. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու, դիմում-հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։