Հոդված 28. Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը, դրա տրամադրման հիմքը և կարգը
Հոդված 28. Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը, դրա տրամադրման հիմքը և կարգը
1. Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողը դիմում է տարածքային կենտրոն և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում, որում ծնողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի տվյալները (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).
2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
3) տեղեկանք գործատուից իր` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.
4) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև խնամակալության մասին փաստաթուղթը և դրա պատճենը:
2. Երեխայի խնամքի նպաստի համար սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի և այնտեղ բնակվող մինչև երկու տարեկան երեխայի (երեխաների) մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:
4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:
5. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողը դիմել է երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագելուց հետո՝ 12 ամիս անց:
6. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:
7. Երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողի` իր կրտսեր հաջորդ երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա կամ դրա բացակայության դեպքում կրտսեր երեխայի ծննդյան օրից 70-րդ օրվա ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
8. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային կենտրոնն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին (գործատուներին):
9. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային կենտրոն:
10. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև գործատուի իրավական ակտում նշված խնամքի արձակուրդի ավարտի ժամկետը, բայց ոչ ավելի, քան մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:
11. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-5-րդ կետերով սահմանված դեպքերում երեխայի խնամքի նպաստի վճարման դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածում երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքի նոր հիմք առաջանալու դեպքում երեխայի խնամքի նպաստը նշանակվում է ծնողի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
12. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:
13. Երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչև նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին, եթե նպաստը ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
14. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝
1) երեխայի 2 տարեկանը լրանալու,
2) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,
3) ծնողի աշխատելու,
4) ծնողի՝ աշխատանքից ազատվելու,
5) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամիս և ավելի ժամկետով բացակայելու,
6) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող դիմողի մահվան դեպքերում:
15. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: