Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԸ

Հոդված 25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը և վճարելը

գործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելը և վճարելը

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու) համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (այդ թվում՝ երեխայի կարգաթիվը որոշելու համար անհրաժեշտ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելիս նոր ծնված երեխայի, դիմողի, դիմողի մյուս երեխաների և զավակների բնակության (հաշվառման) վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա:

4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ կամ մերժել նպաստի նշանակումը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը մերժելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

6. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ենթակա է բռնագանձման դիմողից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

7. Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (այսուհետ՝ պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով: Ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։