Հոդված 32. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը, նպաստը նշանակելը և վճարելը
Հոդված 32. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը, նպաստը նշանակելը և վճարելը
1. Ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունի սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը, եթե նա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, և նրան նշանակվել է ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաև նպաստառու):
2. Ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար նպաստի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, դիմում է տարածքային կենտրոն՝ դիմումին կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը ներկայացվում է անձամբ:
4. Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել սույն հոդվածով սահմանված նպաստը կամ մերժել նպաստի նշանակումը: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:
5. Տարածքային կենտրոնը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
6. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում, բացառությամբ երեխաներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի:
7. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (մանկատանը) բնակվող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստի 50 տոկոսը: Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարին լրանալը կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալը, կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ կարգով:
8. Սույն հոդվածով սահմանված նպաստը վճարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):