Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Կոնվենցիայի իրականացումը, դրա մեկնաբանությունների և իրականացման միօրինակությունն ապահովելու բոլոր միջոցները, ինչպես նաև Կոնվենցիայում ցանկացած փոփոխություն կատարելու առաջարկությունները քննարկելու նպատակով ստեղծվում է կառավարման կոմիտե:
2. Կառավարման կոմիտեի անդամներն են Պայմանավորվող կողմերը:
3. Ցանկացած սուբյեկտի իրավասու մարմին, որը 8-րդ հոդվածի դրույթների համաձայն` իրավունք ունի դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ, կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության ցանկացած անդամ, իրավունք ունի որպես դիտորդ մասնակցել կառավարման կոմիտեի նիստերին: Նման դիտորդների կարգավիճակը և իրավունքները սահմանվում են խորհրդի որոշմամբ: Վերոհիշյալ իրավունքները չեն կարող իրականացվել մինչև որոշման ուժի մեջ մտնելը:
4. Կառավարման կոմիտեն կարող է հրավիրել միջազգային կառավարական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին որպես դիտորդներ մասնակցելու իր նիստերին:
5. Կառավարման կոմիտեն`
(ա) առաջարկում է Պայմանավորվող կողմերին`
(i) փոփոխություններ կատարել սույն Կոնվենցիայի հիմնական տեքստում,
(ii) փոփոխություններ կատարել գլխավոր հավելվածում, հատուկ հավելվածներում և դրանց գլուխներում և նոր գլուխներ ներառել գլխավոր հավելվածում, և
(iii) ներառել նոր հատուկ հավելվածներ և նոր գլուխներ հատուկ հավեվածներում,
(բ) կարող է որոշում ընդունել` փոփոխելու առաջարկվող գործելակերպերը կամ հատուկ հավելվածներում կան դրանց գլուխներում ներառել առաջարկվող նոր գործելակերպեր` 16-րդ հոդվածին համապատասխան,
(գ) քննարկում է սույն Կոնվենցիայի դրույթների իրականացումը` 13-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն,
(դ) վերանայում և թարմացնում է ուղեցույցները,
(ե) քննարկում է սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ հարցեր, որոնք կարող են ներկայացվել կոմիտե,
(զ) իրազեկում է մշտական տեխնիկական կոմիտեին և խորհրդին իր որոշումների մասին:
6. Սույն հոդվածի 5-րդ կետի «ա», «բ», «գ» կամ «դ» ենթակետերի համաձայն` Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները խորհրդի գլխավոր քարտուղարին ուղարկում են առաջարկություններ` հիմնավորումներով հանդերձ, ինչպես նաև կառավարման կոմիտեի նիստերի օրակարգում հարցեր ընդգրկելու վերաբերյալ դիմումներ: Խորհրդի գլխավոր քարտուղարը առաջարկությունները ներկայացնում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված դիտորդներին:
7. Կառավարման կոմիտեի նիստերը գումարվում են առնվազն տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի կոմիտեն ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ: Խորհրդի գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերի իրավասու մարմիններին և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված դիտորդներին ուղարկում է նիստին մասնակցելու հրավեր և օրակարգի նախագիծը` կառավարման կոմիտեի նիստից առնվազն վեց շաբաթ առաջ:
8. Եթե որոշում չի կարող ընդունվել ընդհանուր համաձայնությամբ, ապա կառավարման կոմիտեի քննարկմանը ներկայացվող հարցերը լուծվում են ներկա գտնվող Պայմանավորվող կողմերի քվեարկությամբ: Սույն հոդվածի 5-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերով նախատեսված առաջարկություններն ընդունվում են ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: Բոլոր մյուս հարցերի վերաբերյալ կառավարման կոմիտեն որոշումներն ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ:
9. Սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառման դեպքում` Պայմանավորվող կողմեր հանդիսացող մաքսային կամ տնտեսական միությունները քվեարկության ժամանակ պետք է ունենան միայն ձայների այն քանակը, որը հավասար է Պայամավորվող կողմեր հանդիսացող իրենց անդամներին հատկացված ձայների ընդհանուր քանակին:
10. Նիստը փակելուց առաջ կառավարման կոմիտեն ընդունում է հաշվետվություն: Այդ հաշվետվությունը պետք է ուղարկվի խորհրդին և Պայմանավորվող կողմերին և 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում նշված դիտորդներին:
11. Սույն հոդվածում համապատասխան դրույթների բացակայության դեպքում կիրառվում են խորհրդի ընթացակարգային կանոնները, եթե կառավարման կոմիտեն այլ որոշում չի ընդունել: