Հոդված 13. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնեցված գործողությունների արգելումը
Հոդված 13. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնեցված գործողությունների արգելումը
1. Մրցակիցներ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնեցված գործողություններն արգելվում են, եթե այդ համաձայնեցված գործողությունները հանգեցնում են՝
1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների) և (կամ) հավելագների սահմանմանը կամ պահպանմանը.
2) սակարկությունների ժամանակ գների բարձրացմանը, նվազեցմանը կամ պահպանմանը.
3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի.
4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.
5) որոշակի վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն, եթե հրաժարվելն ուղղակիորեն նախատեսված չէ պետության օրենսդրությամբ։
2. Համաձայնեցված գործողությունների իրականացումն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից, որոնք էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաների մասնակիցներ են, առևտրային ենթակառուցվածքի կազմակերպություններ են, տեխնոլոգիական ենթակառուցվածքի կազմակերպություններ են, ցանցային կազմակերպություններ են, արգելվում է, եթե այդպիսի համաձայնեցված գործողությունները հանգեցնում են էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաներում գների մանիպուլյացիայի։
3. Մրցակիցներ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով չնախատեսված այլ համաձայնեցված գործողություններն արգելվում են, եթե պարզվել է, որ այդպիսի համաձայնեցված գործողությունները հանգեցնում են մրցակցության սահմանափակմանը։ Այդպիսի համաձայնեցված գործողություններ կարող են համարվել այն գործողությունները, որոնք կապված են՝
1) կոնտրագենտին նրա համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող պայմանագրային պայմաններ պարտադրելու հետ (չհիմնավորված պահանջներ՝ ֆինանսական միջոցների, այլ գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների փոխանցման մասին, պայմանագիրը կնքելու համաձայնություն՝ դրա մեջ այնպիսի ապրանքների վերաբերյալ դրույթներ ներառելու պայմանով, որոնցով կոնտրագենտը հետաքրքրված չէ, ինչպես նաև այլ պահանջներ).
2) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես և այլ կերպ չհիմնավորված ձևով տարբեր գներ (սակագներ) սահմանելու հետ.
3) այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ապրանքային շուկա մուտք գործելու կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելու հետ։
4. Տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) իրավունք ունի ներկայացնելու ապացույցներ այն մասին, որ իր կողմից իրականացված՝ սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված համաձայնեցված գործողությունները կարող են համարվել թույլատրելի՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։
5. Պետության օրենքով կարող է նախատեսվել, որ սույն հոդվածում նշված արգելքները չեն տարածվում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնեցված գործողությունների վրա այն դեպքում, երբ դրանց հանրագումարային մասնաբաժինը և դրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինն ապրանքային շուկայում չեն գերազանցում պետության օրենքով սահմանված մեծությունը։