Հոդված 17. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ մրցակցությունը սահմանափակող ակտերի և գործողությունների (անգործության) արգելումը
Հոդված 17. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ մրցակցությունը սահմանափակող ակտերի և գործողությունների (անգործության) արգելումը
1. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, ինչպես նաև պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ մրցակցությունը սահմանափակող այն ակտերն ու գործողությունները (անգործությունը), որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն, արգելվում են՝ բացառությամբ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի. մասնավորապես, արգելվում է՝
1) սահմանափակումներ նախատեսել գործունեության որևէ ոլորտում տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) ստեղծելու առնչությամբ, ինչպես նաև արգելքներ սահմանել կամ սահմանափակումներ նախատեսել գործունեության առանձին տեսակների իրականացման կամ որոշակի տեսակների ապրանքների արտադրության առնչությամբ.
2) անհիմն խոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից գործունեության իրականացումը, մասնավորապես՝ ապրանքների կամ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ պետության օրենսդրությամբ չնախատեսված պահանջներ սահմանելու միջոցով.
3) արգելքներ սահմանել կամ սահմանափակումներ նախատեսել պետության տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի առնչությամբ, ինչպես նաև սահմանափակել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ ապրանքները վաճառելու, գնելու, այլ կերպ ձեռք բերելու, փոխանակելու իրավունքները.
4) տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) ցուցումներ տալ գնորդների (պատվիրատուների) որոշակի կատեգորիայի համար ապրանքներն առաջնահերթ կարգով մատակարարելու կամ գերակայության կարգով պայմանագրեր կնքելու մասին.
5) ապրանքների գնորդների (պատվիրատուների) համար սահմանել այդպիսի ապրանքներ տրամադրող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ընտրության սահմանափակումներ.
6) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) համար գերակայության կարգով ապահովել տեղեկությունների հասանելիություն.
7) տրամադրել պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումներ՝ սույն Օրենքի V գլխով սահմանված պահանջները խախտելով.
8) ստեղծել խտրական պայմաններ.
9) պետական կամ մունիցիպալ ծառայություններ, ինչպես նաև պետական կամ մունիցիպալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ և պարտադիր համարվող ծառայություններ մատուցելիս սահմանել և (կամ) գանձել պետության օրենսդրությամբ չնախատեսված վճարներ.
10) տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) ցուցումներ տալ ապրանքի ձեռքբերման մասին՝ բացառությամբ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
2. Պետական իշխանության մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին այնպիսի լիազորություններ վերապահելը, որոնց կատարումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն, արգելվում է՝ բացառությամբ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
3. Պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործառույթների համատեղումն արգելվում է՝ բացառությամբ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
4. Պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ սույն հոդվածով նախատեսված արգելքների առնչությամբ։