Հոդված 11. Գերիշխող դիրքի չարաշահումը
Հոդված 11. Գերիշխող դիրքի չարաշահումը
1. Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) այն գործողությունները (անգործությունը), որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցությունը չթույլատրելուն, սահմանափակելուն, վերացնելուն և (կամ) ձեռնարկատիրական գործունեության ոլորտում այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կամ անսահմանափակ թվով սպառողների շահերը ոտնահարելուն, արգելվում են, այդ թվում՝ հետևյալ գործողությունները (անգործությունը)՝
1) ապրանքի՝ մենաշնորհային բարձր, մենաշնորհային ցածր կամ մոնոպսոնային ցածր գին սահմանելը, պահպանելը.
2) ապրանքը շրջանառությունից հանելը, եթե դրա արդյունքում ապրանքի գինը բարձրացել է.
3) կոնտրագենտին տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված, նրա համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող պայմանագրային պայմաններ պարտադրելը (տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված և (կամ) պետության օրենսդրությամբ կամ դատական ակտերով ուղղակիորեն չնախատեսված պահանջներ՝ ֆինանսական միջոցների, այլ գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների փոխանցման մասին, պայմանագիրը կնքելու համաձայնություն՝ դրանում այնպիսի ապրանքի վերաբերյալ դրույթներ ներառելու պայմանով, որով կոնտրագենտը հետաքրքրված չէ, ինչպես նաև այլ պահանջներ).
4) ապրանքի արտադրությունը տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված ձևով կրճատելը կամ դադարեցնելը, եթե այդ ապրանքը պահանջարկ ունի, կամ դրա մատակարարման վերաբերյալ կնքվել են պայմանագրեր՝ ապրանքի շահավետ արտադրության համար հնարավորության առկայության պարագայում, ինչպես նաև, եթե ապրանքի արտադրության այդպիսի կրճատումը կամ դադարեցումն ուղղակիորեն նախատեսված չէ պետության օրենսդրությամբ կամ դատական ակտերով.
5) առանձին գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված ձևով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության կամ մատակարարման հնարավորության առկայության պարագայում, եթե հրաժարվելը կամ խուսափելն ուղղակիորեն նախատեսված չէ պետության օրենսդրությամբ կամ դատական ակտերով.
6) միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես կամ այլ կերպ չհիմնավորված ձևով տարբեր գներ (սակագներ) սահմանելը, եթե այլ բան նախատեսված չէ պետության օրենսդրությամբ.
7) ֆինանսական կազմակերպության կողմից ֆինանսական ծառայության համար չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գին սահմանելը.
8) խտրական պայմաններ ստեղծելը.
9) այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ապրանքային շուկա մուտք գործելու կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելը.
10) պետության օրենսդրությամբ սահմանված գնագոյացման կարգը խախտելը.
11) էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաներում գների մանիպուլյացիան։
2. Պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից գերիշխող դիրքի չարաշահման այլ դեպքեր։
3. Խտրական պայմանների ստեղծումը կանխարգելելու նպատակով պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքային շուկաներ մուտք գործելու և (կամ) բնական մենաշնորհների սուբյեկտներ հանդիսացող այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների հասանելիության ոչ խտրական պայմաններ, որոնց գործունեության կարգավորումն իրականացվում է պետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև բնական մենաշնորհների գործունեության ոլորտում ուղղակիորեն ծառայությունների մատուցման նպատակով բնական մենաշնորհների այդ սուբյեկտների կողմից օգտագործվող՝ ենթակառուցվածքների օբյեկտների հասանելիության ոչ խտրական պայմաններ։ Նշված կանոնները պետք է պարունակեն՝
1) այն ապրանքների, ենթակառուցվածքների օբյեկտների ցանկը, որոնց հասանելիությունն ապահովվում է առանց խտրականության.
2) համապատասխան ապրանքային շուկայի մասնակիցների կողմից ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության և (կամ) ապրանքային շուկա մուտք գործելու պայմանները համադրելու հնարավորություն ապահովող տեղեկությունների, ինչպես նաև ապրանքային շուկա մուտք գործելու և (կամ) ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության համար անհրաժեշտ այլ էական տեղեկությունների ցանկը.
3) սույն մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների, այդ թվում՝ սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների, այդ ապրանքների արժեքի և ապրանքային շուկա մուտք գործելու համար վճարի չափի, այդ ապրանքների արտադրության կամ իրացման հնարավոր ծավալի, այդ ապրանքների տրամադրման տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը.
4) սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ համապատասխան ապրանքների արտադրության և (կամ) իրացման և (կամ) ապրանքային շուկա մուտք գործելը կազմակերպելու հետ կապված տնտեսապես հիմնավորված ծախսերի փոխհատուցման կարգը․
5) այն ապրանքային շուկա մուտք գործելու մրցութային ընթացակարգերի անցկացման պայմանները, որտեղ գործունեություն են իրականացնում սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները)՝ տնտեսական, տեխնոլոգիական կամ այլ հնարավորության առկայության պարագայում, եթե ապրանքային շուկա մուտք գործելու այլ ընթացակարգեր նախատեսված չեն պետության օրենսդրությամբ.
6) ապրանքային շուկա մուտք գործելու հնարավորության և (կամ) սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ապրանքների հասանելիության ապահովման մասին պայմանագրերի էական պայմանները և (կամ) տիպային պայմանագրերը.
7) սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող և (կամ) իրացվող ապրանքների նկատմամբ պահանջմունքներն ամբողջությամբ բավարարելու անհնարինության դեպքում՝ պարտադիր սպասարկման ենթակա սպառողների որոշման կարգը, նրանց ապահովման նվազագույն մակարդակի և ապրանքային շուկա նրանց մուտք գործելու և (կամ) ապրանքների հասանելիության ապահովման համար հերթականության որոշման կարգը՝ հաշվի առնելով քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, պետության անվտանգության ապահովման, բնության և մշակութային արժեքների պահպանության անհրաժեշտությունը.
8) ապրանքային շուկա մուտք գործելու և (կամ) ապրանքների և (կամ) սույն մասի առաջին պարբերության մեջ նշված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ենթակառուցվածքների օբյեկտների հասանելիության պայմանները, իսկ սահմանված դեպքերում՝ տեխնոլոգիական և (կամ) տեխնիկական միջոցառումներ իրականացնելու պահանջները, մասնավորապես՝ միացման (տեխնոլոգիական միակցման) դեպքում.
9) ապրանքի բնութագրերին ներկայացվող պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ պետության օրենսդրությամբ։
4. Պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել մրցակցության իրավիճակի վերլուծության արդյունքների հիման վրա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջները պարունակող՝ առանց խտրականության հասանելիության կանոնների սահմանում այն ապրանքների համար, որոնք արտադրվում և (կամ) իրացվում են գերիշխող դիրք ունեցող և բնական մենաշնորհի սուբյեկտ չհանդիսացող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից, որի դեպքում հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.
1) համապատասխան ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) մասնաբաժինը կազմում է ավելի քան 70 տոկոս կամ պետության օրենքով սահմանված այլ մեծություն.
2) երկար ժամանակահատվածի ընթացքում (մեկ տարուց ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում, կամ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է՝ համապատասխան ապրանքային շուկայի գոյության ժամանակահատվածի ընթացքում) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինների հարաբերական չափերն անփոփոխ են կամ ենթարկվել են աննշան փոփոխությունների.
3) նոր մրցակիցների մուտքը համապատասխան ապրանքային շուկա դժվարացված է, մասնավորապես՝ տնտեսական, տեխնոլոգիական, վարչական կամ այլ սահմանափակումների առկայության հետևանքով.
4) ապրանքի պահանջարկը զգալիորեն գերազանցում է ապրանքի առաջարկը երկար ժամանակահատվածի ընթացքում, որը որոշվում է հակամենաշնորհային մարմնի կողմից մրցակցության իրավիճակի վերլուծության իրականացման արդյունքում։
5. Պետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել հակամենաշնորհային մարմնի իրավունքը՝ գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ գործի քննության արդյունքներով կամ տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողության իրականացման ժամանակ պետության օրենսդրության խախտման գործով պատասխանող հանդիսացող կամ գործարքի (այլ գործողության) իրականացման մասին հակամենաշնորհային մարմին միջնորդություն կամ ծանուցում ներկայացրած տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) կարգադրագիր տալու այն ապրանքի առանց խտրականության հասանելիության ապահովմանն ուղղված առևտրային գործելակերպի կանոնների հաստատման ու հրապարակման մասին, որի շուկայում տվյալ տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) ունի գերիշխող դիրք։ Առևտրային գործելակերպի կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են պետության օրենքով։