Հոդված 12. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հակամրցակցային համաձայնությունները
Հոդված 12. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հակամրցակցային համաձայնությունները
1. Կարտել են համարվում և արգելվում են մրցակից համարվող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (միևնույն ապրանքային շուկայում ապրանքներ վաճառող կամ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)) համաձայնությունները, եթե այդ համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել՝
1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների) և (կամ) հավելագների սահմանմանը կամ պահպանմանը.
2) սակարկությունների ժամանակ գների բարձրացմանը, նվազեցմանը կամ պահպանմանը.
3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի.
4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.
5) որոշակի վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն։
Սույն մասի 2-րդ կետի դրույթները կարող են տարածվել, մասնավորապես, անձանց միևնույն խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համաձայնությունների վրա։
2. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնություններն արգելվում են (բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք թույլատրելի են համարվում՝ համաձայն սույն Օրենքի 14-րդ հոդվածի), եթե՝
1) այդպիսի համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը գնորդի (պատվիրատուի) համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.
2) այդպիսի համաձայնությամբ գնորդը (պատվիրատուն) պարտավորվում է չվաճառել վաճառողի մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը.
3) այդպիսի համաձայնությամբ վաճառողը պարտավորվում է ապրանք չվաճառել գնորդի (պատվիրատուի) մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին)։
3. Համաձայնություններն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնք էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաների մասնակիցներ են, առևտրային ենթակառուցվածքի կազմակերպություններ են, տեխնոլոգիական ենթակառուցվածքի կազմակերպություններ են, ցանցային կազմակերպություններ են, արգելվում են, եթե այդպիսի համաձայնությունները հանգեցնում են էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ և (կամ) մանրածախ շուկաներում գների մանիպուլյացիայի։
4. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնություններն արգելվում են (բացառությամբ այն «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք թույլատրելի են համարվում՝ համաձայն սույն Օրենքի 14-րդ հոդվածի), եթե պարզվել է, որ այդպիսի համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը։ Այդպիսի համաձայնություններ կարող են համարվել մասնավորապես այն համաձայնությունները, որոնք վերաբերում են՝
1) կոնտրագենտին նրա համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող պայմանագրային պայմաններ պարտադրելուն (չհիմնավորված պահանջներ՝ ֆինանսական միջոցների, այլ գույքի, այդ թվում՝ գույքային իրավունքների փոխանցման մասին, պայմանագիրը կնքելու համաձայնություն՝ դրա մեջ այնպիսի ապրանքների վերաբերյալ դրույթներ ներառելու պայմանով, որոնցով կոնտրագենտը հետաքրքրված չէ, ինչպես նաև այլ պահանջներ).
2) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես և այլ կերպ չհիմնավորված ձևով տարբեր գներ (սակագներ) սահմանելուն.
3) այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համար ապրանքային շուկա մուտք գործելու կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելուն.
4) մասնագիտական և այլ միավորումներին անդամակցության (մասնակցության) պայմաններ սահմանելուն։
5. Ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է իրականացնել տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգում, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում է սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված ցանկացած հետևանքի, որը չի կարող համարվել թույլատրելի՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն, կամ որը նախատեսված չէ պետության օրենսդրությամբ։
6. Տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) իրավունք ունի ներկայացնելու ապացույցներ այն մասին, որ իր կողմից կնքված՝ սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված համաձայնությունները կարող են համարվել թույլատրելի՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն։
7. Հակամրցակցային համաձայնություններ կնքելու արգելքները չեն տարածվում անձանց միևնույն խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև կնքվող համաձայնությունների վրա, եթե այդ տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) մեկը վերահսկողություն է սահմանել մյուս տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաև եթե այդ տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) գտնվում են մեկ անձի վերահսկողության տակ` բացառությամբ այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև կնքվող համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակյա կատարումը մեկ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից, պետության օրենսդրության համաձայն, չի թույլատրվում։
8. Սույն հոդվածում, սույն Օրենքի 13-րդ հոդվածում, ինչպես նաև տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն իրականացնելու նպատակներով «վերահսկողություն» նշանակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի հնարավորություն՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն (մեկ իրավաբանական անձի կամ մի քանի իրավաբանական անձանց միջոցով) կանխորոշելու մեկ այլ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները հետևյալ գործողություններից մեկի կամ մի քանիսի միջոցով՝
1) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (կանոնադրական ֆոնդում) բաժնետոմսերին (բաժնեմասերին) համապատասխան ձայների ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսի տնօրինում.
2) իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացում։