Հոդված 34. Հակամենաշնորհային մարմնի լիազորությունները
Հոդված 34. Հակամենաշնորհային մարմնի լիազորությունները
Հակամենաշնորհային մարմնի լիազորություններին կարող են դասվել՝
1) պետության օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերի հարուցումն ու քննությունը.
2) տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) կատարման համար պարտադիր կարգադրագրեր տալը հետևյալի մասին.
տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների դադարեցման և մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին.
տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրքի չարաշահումը դադարեցնելու և մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին.
ապրանքների առանց խտրականության հասանելիության կանոնների խախտումը դադարեցնելու մասին.
անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու մասին.
այնպիսի գործողություններ թույլ չտալու մասին, որոնք կարող են խոչընդոտել մրցակցության ձևավորումը և (կամ) կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, վերացմանն ու պետության օրենսդրության խախտմանը.
պետության օրենսդրության խախտման հետևանքների վերացման մասին.
պետության օրենսդրության այլ խախտումների դադարեցման մասին.
նախքան պետության օրենսդրության խախտումը գոյություն ունեցող դրությունը վերականգնելու մասին.
պայմանագրերի կնքման, պայմանագրերի պայմանների փոփոխության կամ պայմանագրերի լուծման մասին, եթե հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենսդրության խախտման վերաբերյալ գործը քննելու ընթացքում այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, ներկայացվել է համապատասխան միջնորդություն, կամ եթե հակամենաշնորհային մարմինն իրականացնում է տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն.
պետության օրենսդրության խախտման հետևանքով ստացված եկամուտը պետության բյուջե փոխանցելու մասին.
ֆիրմային անվանման փոփոխության կամ դրա օգտագործման սահմանափակման մասին, եթե հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենսդրության խախտման վերաբերյալ գործը քննելու ընթացքում այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, ներկայացվել է համապատասխան միջնորդություն, կամ եթե հակամենաշնորհային մարմինն իրականացնում է տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն.
խտրական պայմանների վերացման վերաբերյալ տնտեսական, տեխնիկական, տեղեկատվական և այլ պահանջների կատարման, ինչպես նաև այդպիսի պայմանների ստեղծումը կանխարգելու մասին.
մրցակցության ապահովմանն ուղղված գործողություններ իրականացնելու մասին, այդ թվում` պետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրական հզորությունների կամ տեղեկությունների հասանելիությունն ապահովելու, պետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունաբերական սեփականության պահպանության օբյեկտների նկատմամբ իրավունքներ տրամադրելու, սեփականության նկատմամբ իրավունքների փոխանցման կամ սեփականության նկատմամբ իրավունքների փոխանցումն արգելելու, կարգադրագրով նախատեսված գործողությունները կատարելու մտադրության վերաբերյալ հակամենաշնորհային մարմնին նախապես տեղեկացնելու, բորսայում որոշակի ծավալի արտադրանք վաճառելու, պետության օրենսդրությամբ սահմանված կարգով բորսայում արտադրանքի վաճառքի ժամանակ դրա մեկնարկային գնի ձևավորման առանձնահատկությունները հակամենաշնորհային մարմնի հետ նախապես համաձայնեցնելու մասին.
3) պետական իշխանության մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպություններին, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերին, դրանց պաշտոնատար անձանց, բացառությամբ սույն մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի, կատարման համար պարտադիր կարգադրագրեր տալը հետևյալի մասին`
պետության օրենսդրությունը խախտող ակտերը չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու մասին.
պետության օրենսդրությունը խախտող համաձայնությունները դադարեցնելու կամ փոփոխելու մասին.
պետության օրենսդրության մյուս խախտումները դադարեցնելու մասին (այդ թվում՝ որպես պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհում փոխանցված գույքը, քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ վերադարձնելու համար միջոցներ ձեռնարկելու մասին).
մրցակցության ապահովմանն ուղղված գործողություններ կատարելու մասին.
4) սակարկությունների կազմակերպման, անցկացման, պետական կամ մունիցիպալ գույքի վաճառքի (սույն հոդվածում այսուհետ՝ սակարկություններ) կարգի, ինչպես նաև սակարկությունների արդյունքների հիման վրա կամ սակարկությունները չկայացած համարելու դեպքում պայմանագրերի կնքման կարգի խախտումները վերացնելուն ուղղված գործողությունների իրականացման մասին սակարկությունների կազմակերպչին, մրցութային կամ աճուրդային հանձնաժողովին, պետական կամ մունիցիպալ գույքի վաճառքն իրականացնող անձին, վաճառքը կազմակերպողին կատարման համար պարտադիր կարգադրագրեր տալը, այդ թվում՝ սակարկությունների անցկացման ընթացքում կազմված արձանագրությունները չեղյալ ճանաչելու, սակարկությունների մասին փաստաթղթերում փոփոխություններ կատարելու, սակարկությունների անցկացման վերաբերյալ ծանուցելու, սակարկություններն անվավեր ճանաչելու մասին կարգադրագրերը.
5) պետության օրենքի խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու վերաբերյալ նախազգուշացում տալը.
6) արժեթղթերի շուկայի հարցերով պետական իշխանության մարմին, ազգային (կենտրոնական) բանկ դրանց կողմից ընդունված ակտերը պետության օրենսդրությանը համապատասխանեցնելու և (կամ) գործողությունները դադարեցնելու մասին առաջարկություն ներկայացնելը, եթե այդ ակտերը և (կամ) գործողությունները խախտում են պետության օրենսդրությունը.
7) տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների, պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ ապրանքային շուկայում պլանավորվող վարքագծի մասին հրապարակայնորեն հայտարարող պաշտոնատար անձանց կողմից պետության օրենսդրության խախտումներ թույլ չտալու մասին գրավոր նախազգուշացում տալը, եթե այդպիսի վարքագիծը կարող է հանգեցնել պետության օրենսդրության խախտմանը.
8) պետության օրենսդրության համաձայն՝ պարտադիր սակարկությունների, պետական կամ մունիցիպալ գույքի վաճառքի գործընթացների խախտման վերաբերյալ բողոքների քննումը.
9) առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց, պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերի պաշտոնատար անձանց և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին) պետության օրենսդրության խախտման համար պատասխանատվության ենթարկելը` պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.
10) պետության օրենսդրության խախտման վերաբերյալ հայցեր, դիմումներ ներկայացնելը դատարան, այդ թվում` հայցեր ու դիմումներ հետևյալի մասին.
պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերի, ազգային (կենտրոնական) բանկի՝ պետության օրենսդրությանը հակասող (մասնավորապես` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար չհիմնավորված խոչընդոտներ ստեղծող) նորմատիվ իրավական ակտերի կամ ոչ նորմատիվ ակտերի գործողությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնելու, կամ դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
պետության օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրերը ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
պայմանագիրը պարտադիր կարգով կնքելու մասին.
պայմանագրում փոփոխություններ կատարելու կամ այն լուծելու մասին.
սույն Oրենքով և պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավաբանական անձանց լուծարելու մասին.
պետության օրենսդրության խախտման հետևանքով ստացված եկամուտը հօգուտ պետության բյուջեի բռնագանձելու մասին.
պետության օրենսդրության խախտման համար այդպիսի խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին.
սակարկություններն անվավեր ճանաչելու մասին.
հակամենաշնորհային մարմնի որոշումների ու կարգադրագրերի կատարմանը հարկադրելու մասին.
11) դատարանի կամ արբիտրաժային (տնտեսական) դատարանի կողմից պետության օրենսդրության կիրառման և (կամ) խախտման հետ կապված գործերի քննությանը մասնակցելը.
12) հետևյալ ռեեստրների վարումը`
որոշակի ապրանքի շուկայում ավելի քան 35 տոկոս մասնաբաժին կամ որոշակի ապրանքի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) պետական ռեեստր, եթե այդ շուկայի համար պետության օրենսդրությամբ կիրառման նպատակով սահմանված են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) դիրքը գերիշխող ճանաչելու դեպքեր.
այն անձանց ռեեստր, որոնք պետության օրենսդրության խախտման համար ենթարկվել են վարչական պատասխանատվության, եթե նշված գործառույթը պետության օրենքով վերապահված չէ այլ պետական մարմնի իրավասությանը։ Նշված ռեեստրում ներառված տեղեկությունները ենթակա չեն հրապարակման զանգվածային լրատվության միջոցներով և տեղադրման՝ ինտերնետ ցանցում.
13) ինտերնետ ցանցում հակամենաշնորհային մարմնի պաշտոնական կայքում անձանց անորոշ շրջանակի շահերին առնչվող որոշումների և կարգադրագրերի տեղադրումը.
14) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրք ունենալը հաստատելը դիմումների, նյութերի, պետության օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերի քննության և տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողության իրականացման ժամանակ.
15) առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների, ինչպես նաև պետական արտաբյուջետային ֆոնդերի և ֆիզիկական անձանց առնչությամբ պետության օրենսդրության պահպանման ուղղությամբ ստուգումներ կամ հակամենաշնորհային քննություններ իրականացնելը, ինչպես նաև պետության օրենսդրության խախտման հատկանիշների հայտնաբերման դեպքում դրանցից անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, գրավոր կամ բանավոր բացատրություններ ստանալը, պետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու դիմում ներկայացնելը, պետության օրենսդրությանը համապատասխան այլ գործողություններ իրականացնելը.
16) որոշակի ապրանքների շուկաներում (օրինակ՝ էլեկտրական էներգիայի (հզորության) շուկայում) առևտրի կազմակերպումն ապահովող իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ այդպիսի ապրանքների գների (սակագների) պետական կարգավորումը դադարեցնելու պայմաններում, ինչպես նաև էլեկտրական էներգիայի մեծածախ և (կամ) մանրածախ շուկաներում գների մանիպուլյացիայի վերահսկողության իրականացումը.
17) ազգային (կենտրոնական) բանկի հետ համաձայնեցմամբ՝ վարկային կազմակերպության ֆինանսական ծառայության չհիմնավորված բարձր և չհիմնավորված ցածր գների որոշման մեթոդների հաստատումը.
18) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրք ունենալը հաստատելու, ինչպես նաև մրցակցությունը չթույլատրելու, սահմանափակելու, վերացնելու այլ դեպքերը բացահայտելու նպատակով մրցակցության իրավիճակի վերլուծություն կատարելու կարգի հաստատումը և դրա հետագա իրականացումը.
19) մրցակցության պաշտպանության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.
20) պետության օրենսդրության կիրառման հարցերով պարզաբանումներ տալը.
21) պետության օրենսդրության կիրառման փորձի ընդհանրացումը և վերլուծությունը, դրա կիրառման համար առաջարկությունների մշակումը.
22) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների պետական մարմինների հետ համագործակցության իրականացումը, պետության միջազգային պայմանագրերի մշակմանը և իրականացմանը, պետության միջազգային համագործակցությունը համակարգող միջկառավարական և միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքներին, ինչպես նաև մրցակցության պաշտպանության հարցերով միջազգային ծրագրերի և նախագծերի իրականացմանը մասնակցությունը.
23) Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների կողմից կնքված միջազգային պայմանագրերով սահմանված կարգով պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային մարմինների հետ փոխգործակցության իրականացումը.
24) պետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը: