Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Սույն Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Սույն Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն Օրենքի և պետության օրենքի նպատակներով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) «հակամենաշնորհային մարմին»՝ պետության պետական իշխանության մարմին, որի իրավասությունների մեջ են մտնում հակամենաշնորհային (մրցակցային) քաղաքականության իրագործումը, նորմատիվ իրավական ակտերի ընդունման հետ կապված և պետության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված գործառույթների իրականացումը.

2) «ուղղահայաց համաձայնություն»` համաձայնություն այնպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև, որոնցից մեկը ձեռք է բերում ապրանք կամ ապրանքի հնարավոր ձեռք բերող է, իսկ մյուսը մատակարարում է ապրանք կամ ապրանքի հնարավոր վաճառող է.

3) «փոխադարձ փոխարինելի ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ դրանց գործառական նշանակության, կիրառության, որակական ու տեխնիկական բնութագրերի, գնի կամ այլ հատկանիշների այնպես, որ ձեռք բերողը սպառման ժամանակ (այդ թվում՝ արտադրական նպատակներով սպառման ժամանակ) իսկապես փոխարինում է կամ պատրաստ է փոխարինել մեկ ապրանքը մյուսով.

4) «պետական ձեռնարկություն»՝ պետական (հանրապետական կամ կոմունալ) ունիտար ձեռնարկություններ, տնտեսավարման իրավունքով պետական ձեռնարկություններ և օպերատիվ կառավարման իրավունքով ունիտար ձեռնարկություններ, այլ պետական և մունիցիպալ ունիտար ձեռնարկություններ, որոնք ստեղծվել են պետությունների օրենսդրության համաձայն.

5) «պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումներ»՝ պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, նշված մարմինների գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների կողմից առանձին տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի առավելության տրամադրում, որով նրանց համար ապահովվում են գործունեության ավելի շահավետ պայմաններ՝ պետական կամ մունիցիպալ գույքի, քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտների փոխանցման կամ գույքային արտոնությունների, պետական կամ մունիցիպալ երաշխիքների տրամադրման միջոցով.

6) «գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) պետական ռեեստր»՝ այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ցանկը, որոնք գերիշխող դիրք ունեն համապատասխան ապրանքային շուկայում՝ բացառությամբ այն շուկաների, որոնցում բնական մենաշնորհ է.

7) «խտրական պայմաններ»՝ ապրանքային շուկա մուտք գործելու պայմաններ, ապրանքի արտադրության, փոխանակման, սպառման, ձեռքբերման, վաճառքի, այլ կերպ փոխանցման պայմաններ, որոնց դեպքում տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ) անհավասար իրավիճակում է հայտնվում մեկ այլ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կամ այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) համեմատությամբ.

8) «ֆինանսական ծառայության մրցակցային գին»՝ գին, որով ֆինանսական ծառայությունը կարող է մատուցվել մրցակցության պայմաններում.

9) «մրցակցություն»՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մրցություն, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում են համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանիորեն ազդելու նրանցից յուրաքանչյուրի հնարավորությունները.

10) «տնտեսական գործունեության համակարգում»՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցում երրորդ անձի կողմից, որն այդ տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) ոչ մեկի հետ ընդգրկված չէ անձանց միևնույն խմբում և գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում (ապրանքային շուկաներում), որում (որոնցում) իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների համաձայնեցումը։ Տնտեսական գործունեության համակարգում չեն համարվում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այն գործողությունները, որոնք իրականացվում են ուղղահայաց համաձայնությունների շրջանակներում.

11) «տնտեսական համակենտրոնացման օբյեկտ հանդիսացող անձ»՝ անձ, որի բաժնետոմսերը (բաժնեմասերը), հիմնական արտադրական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվները ձեռք են բերվում կամ ընդգրկվում են կանոնադրական կապիտալում (կանոնադրական ֆոնդում), և (կամ) անձ, որի նկատմամբ իրավունքները ձեռք են բերվում պետության օրենքով սահմանված կարգով.

12) «էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ շուկայում գների մանիպուլյացիա»՝ տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված այնպիսի գործողությունների կատարում, մասնավորապես՝ մեծածախ շուկայում գերիշխող դիրքի օգտագործման միջոցով, որոնք հանգեցնում են մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի և (կամ) հզորության գների (գնի) էական փոփոխության՝

էլեկտրական էներգիա և (կամ) հզորություն գնելու կամ վաճառելու անհիմն բարձր կամ ցածր գնային հայտի ներկայացման միջոցով։ Բարձր գնային հայտ կարող է ճանաչվել այն հայտը, որում ներկայացված գինը գերազանցում է համադրելի ապրանքային շուկայում ձևավորված գինը կամ այդ ապրանքային շուկայում ավելի վաղ (նախորդող օրվա նույն ժամերի համար, նախորդ շաբաթվա օրվա նույն ժամերի համար, նախորդ ամսվա, եռամսյակի օրվա նույն ժամերի համար) սահմանված գինը.

այնպիսի ծավալի նշումով էլեկտրական էներգիայի վաճառքի գնային հայտի ներկայացման միջոցով, որը չի համապատասխանում մատակարարի արտադրական սարքավորումների արտադրական հզորության այն առավելագույն մեծության օգտագործմամբ արտադրվող էլեկտրական էներգիայի ծավալին, որը սահմանվել է պետության օրենսդրությամբ սահմանված՝ մեծածախ շուկայի կանոններին (առանձնահատկություններին) համապատասխան.

այնպիսի գնային հայտի ներկայացման միջոցով, որը չի համապատասխանում պետության օրենսդրությամբ նախատեսված՝ տնտեսական հիմնավորվածության սահմանված պահանջներին։

Պետությունների օրենսդրությամբ կարող են նախատեսվել էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ շուկայում գների մանիպուլյացիայի այլ դեպքեր.

13) «էլեկտրական էներգիայի (հզորության) մանրածախ շուկայում գների մանիպուլյացիա»՝ մանրածախ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված այնպիսի գործողությունների իրականացում, որոնք հանգեցնում են էլեկտրական էներգիայի և (կամ) հզորության չկարգավորվող գների (գնի) էական փոփոխության։

Պետությունների օրենսդրությամբ կարող են նախատեսվել էլեկտրական էներգիայի (հզորության) մանրածախ շուկայում գների մանիպուլյացիայի այլ դեպքեր.

14) «մենաշնորհային գործունեություն»՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի), անձանց խմբի կողմից իրենց գերիշխող դիրքի չարաշահում, համաձայնություններ կամ համաձայնեցված գործողություններ, որոնք արգելված են պետության օրենքով, ինչպես նաև այլ գործողություններ (անգործություն), որոնք, պետության օրենսդրության համաձայն, համարվում են մենաշնորհային գործունեություն.

15) «անբարեխիղճ մրցակցություն»՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կամ անձանց խմբի՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն, որը հակասում է պետության օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեվարքության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել մրցակից հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կամ վնաս է հասցրել կամ կարող է վնաս հասցնել նրանց գործարար համբավին․

16) «ֆինանսական ծառայության անհիմն բարձր գին», «ֆինանսական ծառայության անհիմն ցածր գին»՝ ֆինանսական ծառայության կամ ֆինանսական ծառայությունների՝ գերիշխող դիրք ունեցող ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված գին, որը զգալիորեն տարբերվում է ֆինանսական ծառայության մրցակցային գնից և (կամ) դժվարացնում է այլ ֆինանսական կազմակերպությունների մուտքը ապրանքային շուկա և (կամ) բացասական ազդեցություն է ունենում մրցակցության վրա.

17) «մրցակցության սահմանափակման նշաններ»՝ ապրանքային շուկայում անձանց միևնույն խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատում, ապրանքի գնի աճ կամ նվազեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության այլ ընդհանուր պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց միևնույն խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններ կատարելուց հրաժարվելը, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնության հիման վրա կամ նրանց կողմից կատարման համար պարտադիր՝ այլ անձի ցուցումներին համապատասխան կամ անձանց միևնույն խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ապրանքային շուկայում իրենց գործողությունների համաձայնեցման արդյունքում ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնց միջոցով տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հնարավորություն է ընձեռվում միակողմանիորեն ազդելու ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ մունիցիպալ ծառայությունների մատուցմանը մասնակցող կազմակերպությունների կողմից այդպիսի ծառայությունների մատուցմանը մասնակցելու ժամանակ ապրանքների կամ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ այնպիսի պահանջների սահմանում, որոնք սահմանված չեն պետության օրենսդրությամբ.

18) «առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) ձեռքբերում»՝ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) հիման վրա տրամադրվող ձայնի իրավունքի գնում կամ դրա իրականացման այլ հնարավորությունների ստացում՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերի, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարության պայմանագրերի, այլ գործարքների հիման վրա կամ այլ հիմունքներով.

19) «մենաշնորհային գործունեության կանոնավոր իրականացում»՝ 3 տարվա ընթացքում ավելի քան 2 անգամ պետության օրենքով սահմանված կարգով բացահայտված՝ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից մենաշնորհային գործունեության իրականացում.

20) «համաձայնություն»՝ գրավոր պայմանավորվածություն՝ ամրագրված փաստաթղթով կամ մի քանի փաստաթղթերով, ինչպես նաև բանավոր պայմանավորվածություն.

21) «ապրանք»՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտ (այդ թվում՝ աշխատանք, ծառայություն՝ ներառյալ ֆինանսական ծառայությունները), որը նախատեսված է վաճառքի, փոխանակման կամ այլ կերպ շրջանառության մեջ դնելու համար.

22) «ապրանքային շուկա»՝ այն ապրանքի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրության ապրանքի) շրջանառության ոլորտ, որը չի կարող փոխարինվել այլ ապրանքով, կամ փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմաններում (այդ թվում՝ աշխարհագրական), ելնելով տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորությունից կամ նպատակահարմարությունից, ձեռք բերողը կարող է ձեռք բերել ապրանք, և որի սահմաններից դուրս այդ հնարավորությունը կամ նպատակահարմարությունը բացակայում է.

23) «ֆինանսական կազմակերպություն»՝ տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ), որը մատուցում է ֆինանսական ծառայություններ՝ պետության օրենսդրությանը համապատասխան, որով սահմանվում են տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները) ֆինանսական կազմակերպություն համարելու չափորոշիչները.

24) «ֆինանսական ծառայություն»՝ բանկային ծառայություն, ապահովագրական ծառայություն, արժեթղթերի շուկայում մատուցվող ծառայություն, լիզինգի պայմանագրով ծառայություն, ինչպես նաև ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող և իրավաբանական ու ֆիզիկական անձանց դրամական միջոցների ներգրավման և (կամ) տեղաբաշխման հետ կապված ծառայություն.

25) «տնտեսավարող սուբյեկտ (շուկայի սուբյեկտ)»՝ առևտրային կազմակերպություն կամ ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է եկամուտ բերող գործունեություն, անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև ֆիզիկական անձ, որի մասնագիտական և եկամուտ բերող գործունեությունը, պետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպությունում անդամակցության հիմքով, ենթակա է պետական գրանցման և (կամ) լիցենզավորման.

26) «տնտեսական համակենտրոնացում»՝ գործարքներ, այլ գործողություններ, որոնց իրականացումն ազդեցություն ունի կամ կարող է ազդեցություն ունենալ մրցակցության իրավիճակի վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։