Հոդված 5. Գերիշխող դիրքը
Հոդված 5. Գերիշխող դիրքը
1. Գերիշխող, այդ թվում՝ մոնոպսոնային է ճանաչվում որոշակի ապրանքի շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (անձանց խմբերի) այն դիրքը, որն այդ տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) (անձանց խմբին) կամ այդ տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) (անձանց խմբերին) հնարավորություն է տալիս որոշիչ ազդեցություն ունենալու համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) այդ ապրանքային շուկայից դուրս մղելու մյուս տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) և (կամ) դժվարացնելու այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մուտքն այդ ապրանքային շուկա։
Գերիշխող է ճանաչվում այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների)՝
1) որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում գերազանցում է պետության օրենքով սահմանված մեծությունը, եթե միայն հակամենաշնորհային մարմնի կողմից պետության օրենքի խախտման վերաբերյալ գործն ուսումնասիրելիս կամ տնտեսական համակենտրոնացման պետական վերահսկողություն իրականացնելիս չհաստատվի, որ, չնայած նշված մեծությունը գերազանցելու հանգամանքի, ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը գերիշխող չէ.
2) որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում փոքր է պետության օրենքով սահմանված մեծությունից, եթե այդ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից գերիշխող դիրք ունենալու հանգամանքը հաստատվել է հակամենաշնորհային մարմնի կողմից՝ ելնելով ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) անփոփոխ կամ աննշան փոփոխությունների ենթարկված մասնաբաժնից, տվյալ ապրանքային շուկայում մրցակիցներին պատկանող մասնաբաժինների հարաբերական չափից, այդ ապրանքային շուկա նոր մրցակիցների մուտք գործելու հնարավորությունից կամ ապրանքային շուկան բնութագրող այլ չափորոշիչներից։
2. Գերիշխող չի կարող ճանաչվել այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների), որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում չի գերազանցում պետության օրենքով սահմանված մեծությունը՝ բացառությամբ սույն հոդվածի 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
3. Գերիշխող է ճանաչվում մի քանի տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) յուրաքանչյուր այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը, որի դեպքում հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.
1) մի քանի այնպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) հանրագումարային մասնաբաժնի առկայությունը, որոնցից յուրաքանչյուրի մասնաբաժինը մեծ է համապատասխան ապրանքային շուկայում մյուս տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժիններից, և եթե այդ հանրագումարային մասնաբաժինը գերազանցում է պետության օրենքով սահմանված մեծությունը, ինչպես նաև պետության օրենքով՝ նշված տնտեսավարող սուբյեկտներից (շուկայի սուբյեկտներից) թեկուզ մեկի մասնաբաժնի այն նվազագույն մեծության սահմանման դեպքում, որը հանգեցնում է տվյալ չափորոշիչը չկիրառելուն.
2) այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինների հարաբերական չափերի անփոփոխ լինելը կամ փոփոխությունների աննշան լինելը երկար ժամանակահատվածի ընթացքում (մեկ տարուց ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում, կամ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց պակաս է՝ համապատասխան ապրանքային շուկայի գոյության ժամանակահատվածի ընթացքում կամ պետության օրենքով սահմանված այլ ժամանակահատվածի ընթացքում), ինչպես նաև նոր մրցակիցների համար համապատասխան ապրանքային շուկա մուտք գործելու դժվարությունը.
3) այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից իրացվող կամ ձեռք բերվող ապրանքները սպառման ժամանակ (այդ թվում՝ արտադրական նպատակներով սպառման ժամանակ) այլ ապրանքներով փոխադարձ փոխարինելու անհնարինությունը, ապրանքի գնի աճն այդ աճին համապատասխան տվյալ ապրանքի պահանջարկի նվազեցմամբ պայմանավորված չլինելը, անձանց անորոշ շրջանակի համար այդ ապրանքի գնի, իրացման կամ ձեռքբերման պայմանների մասին տեղեկությունների հասանելիությունը։
4. Տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) իրավունք ունի ապացույցներ ներկայացնելու հակամենաշնորհային մարմին կամ դատարան այն մասին, որ ապրանքային շուկայում տվյալ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը չի կարող ճանաչվել գերիշխող։
5. Գերիշխող է ճանաչվում այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը, որը բնական մենաշնորհի սուբյեկտ է այն ապրանքային շուկայում, որում բնական մենաշնորհ է:
6. Պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը գերիշխող ճանաչելու դեպքերը, որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում փոքր է պետության օրենքով որպես տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը գերիշխող ճանաչելու չափորոշիչ սահմանված մեծությունից:
7. Հակամենաշնորհային մարմնի կողմից իրականացված՝ մրցակցության իրավիճակի վերլուծության արդյունքներով գերիշխող է ճանաչվում այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը, որի մասնաբաժինը որոշակի ապրանքի շուկայում փոքր է 35 տոկոսից և գերազանցում է համապատասխան ապրանքային շուկայում մյուս տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինները, սակայն որը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.
1) տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) հնարավորություն ունի միակողմանիորեն որոշելու ապրանքի գնի մակարդակը և որոշիչ ազդեցություն ունենալու համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի իրացման ընդհանուր պայմանների վրա.
2) նոր մրցակիցների մուտքը համապատասխան ապրանքային շուկա դժվարացված է, մասնավորապես՝ տնտեսական, տեխնոլոգիական, վարչական կամ այլ սահմանափակումների առկայության հետևանքով.
3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից իրացվող կամ ձեռք բերվող ապրանքը սպառման ժամանակ (այդ թվում՝ արտադրական նպատակներով սպառման ժամանակ) չի կարող փոխարինվել այլ ապրանքով.
4) ապրանքի գնի փոփոխությամբ չէ պայմանավորված այդպիսի փոփոխությանը համապատասխան ապրանքի պահանջարկի նվազումը:
8. Տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը սույն հոդվածի 7-րդ մասում նշված հիմքերով կարող է ճանաչվել գերիշխող այն դեպքում, երբ հակամենաշնորհային մարմնի կողմից այդ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) դիրքը գերիշխող չի ճանաչվել սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով նախատեսված հիմքերով:
9. Պետության օրենքով պետք է սահմանվեն ֆինանսական կազմակերպության դիրքը գերիշխող ճանաչելու պայմանները:
10. Գերիշխող դիրքի որոշման ժամանակ հակամենաշնորհային մարմինը պետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է մրցակցային միջավայրի իրավիճակի գնահատում, որն իր մեջ ներառում է մրցակցության իրավիճակի վրա ազդեցություն ունեցող հանգամանքների, այդ թվում՝ ապրանքային շուկա մուտք գործելու պայմանների գնահատումը, որոշակի ապրանքի շուկաներում տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնաբաժինների, ապրանքը վաճառողների և գնորդների մասնաբաժինների հարաբերակցության, ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա որոշիչ ազդեցություն ունենալու հնարավորության առկայության ժամանակահատվածի գնահատումը։
Մրցակցության իրավիճակի վերլուծության համար ժամանակահատվածը որոշվում է՝ ելնելով ուսումնասիրության նպատակից, ապրանքային շուկայի առանձնահատկություններից և տեղեկությունների հասանելիությունից։ Տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գերիշխող դիրքը հաստատելու նպատակով մրցակցության իրավիճակի վերլուծության համար նվազագույն ժամանակահատվածը պետք է կազմի մեկ տարի կամ հավասար լինի ապրանքային շուկայի գոյության ժամանակահատվածին, եթե այն մեկ տարուց պակաս է։ Պետության օրենքով կարող է սահմանվել տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գերիշխող դիրքը հաստատելու նպատակով մրցակցության իրավիճակի վերլուծության համար այլ ժամանակահատված: