Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Ապրանքի մենաշնորհային բարձր գինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Ապրանքի մենաշնորհային բարձր գինը

1. Ապրանքի մենաշնորհային բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից սահմանված գինը, եթե այդ գինը գերազանցում է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի ու շահույթի գումարը, և ըստ ապրանքի գնորդների կամ վաճառողների կազմի, ապրանքի շրջանառության պայմանների, ապրանքային շուկա մուտք գործելու պայմանների, պետական կարգավորման՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը՝ համադրելի ապրանքային շուկայում (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա) մրցակցության պայմաններում ձևավորված գինը՝ պետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, այդ թվում՝ այն գինը, որը սահմանվել է՝

1) ապրանքի ավելի վաղ սահմանված գինը բարձրացնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերն անփոփոխ են մնացել, կամ դրանց փոփոխությունը չի համապատասխանում ապրանքի գնի փոփոխությանը.

ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմն անփոփոխ է մնացել, կամ ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմի փոփոխությունն աննշան է.

ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության պայմանները, մասնավորապես, պետական կարգավորման միջոցներով պայմանավորված՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, մնացել են անփոփոխ, կամ դրանց փոփոխությունը համարժեք չէ ապրանքի գնի փոփոխությանը.

2) ապրանքի ավելի վաղ սահմանված գինը պահպանելու կամ չնվազեցնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.

ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերը զգալիորեն նվազել են.

ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմով է պայմանավորված ապրանքի գնի փոփոխության՝ նվազեցման հնարավորությունը.

ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության պայմանները, մասնավորապես, պետական կարգավորման միջոցներով պայմանավորված՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, ապահովում են ապրանքի գնի փոփոխության՝ նվազեցման հնարավորությունը:

2. Ապրանքի գինը չի համարվում մենաշնորհային բարձր, եթե այն սահմանվել է բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից այդ ապրանքի համար պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված սակագնի սահմաններում:

3. Ապրանքի գինը չի համարվում մենաշնորհային բարձր այն գինը չգերազանցելու դեպքում, որը ձևավորվել է համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում։

4. Սույն Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների պահպանման դեպքում մենաշնորհային բարձր չի համարվում այն ապրանքի գինը, որն ստեղծվել է նորարարական գործունեության արդյունքում, այսինքն՝ այնպիսի գործունեության արդյունքում, որը հանգեցնում է փոխադարձ անփոխարինելի նոր ապրանքի կամ փոխադարձ փոխարինելի նոր ապրանքի ստեղծմանը՝ դրա արտադրության և (կամ) դրա որակի բարելավման ծախսերի նվազեցման դեպքում։

5. Պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ապրանքի գինը մենաշնորհային բարձր չհամարելու այլ դեպքեր, այդ թվում՝ բորսայում գնի սահմանման դեպքում։

6. Ապրանքի մենաշնորհային բարձր գինը որոշելու ժամանակ հակամենաշնորհային մարմնի կողմից, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, կարող են հաշվի առնվել գների բորսայական և արտաբորսայական ինդիկատորները, որոնք սահմանվել են նույնանման ապրանքի համաշխարհային շուկաներում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։