Հոդված 7. Ապրանքի մենաշնորհային ցածր գինը
Հոդված 7. Ապրանքի մենաշնորհային ցածր գինը
1. Ապրանքի մենաշնորհային ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից սահմանված գինը, եթե այդ գինը ցածր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի ու շահույթի գումարից և ցածր է համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում ձևավորված գնից՝ պետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, այդ թվում՝ այն գինը, որը սահմանվել է՝
1) Ապրանքի ավելի վաղ սահմանված գինը նվազեցնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.
ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերն անփոփոխ են մնացել, կամ դրանց փոփոխությունը չի համապատասխանում ապրանքի գնի փոփոխությանը.
ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմն անփոփոխ է մնացել, կամ ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմի փոփոխությունն աննշան է.
ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության պայմանները, մասնավորապես, պետական կարգավորման միջոցներով պայմանավորված՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, մնացել են անփոփոխ, կամ դրանց փոփոխությունը համաչափ չէ ապրանքի գնի փոփոխությանը.
2) ապրանքի ավելի վաղ սահմանված գինը պահպանելու կամ չբարձրացնելու միջոցով, ընդ որում, եթե հավաքականորեն առկա են հետևյալ պայմանները.
ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերը զգալիորեն աճել են.
ապրանքը վաճառողների կամ գնորդների կազմով է պայմանավորված ապրանքի գնի փոփոխության՝ բարձրացման հնարավորությունը.
ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության պայմանները, մասնավորապես, պետական կարգավորման միջոցներով պայմանավորված՝ ներառյալ հարկումը, մաքսասակագնային, սակագնային և ոչ սակագնային կարգավորումը, ապահովում են ապրանքի գնի փոփոխության՝ բարձրացման հնարավորությունը:
2. Ապրանքի գինը մենաշնորհային ցածր չի համարվում այն դեպքում, երբ՝
1) այն սահմանվել է բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից այդ ապրանքի համար պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված սակագնի սահմաններում.
2) այն ցածր չէ համադրելի ապրանքային շուկայում մրցակցության պայմաններում ձևավորված գնից.
3) դրա սահմանումը ապրանքը վաճառողի կողմից չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակմանը՝ կապված համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի վաճառողների կամ գնորդների հետ միևնույն խմբում չընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատման հետ։
3. Պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ապրանքի գինը մենաշնորհային ցածր չհամարելու այլ դեպքեր, մասնավորապես՝ մոնոպսոնային ցածր գների որոշման նպատակներով։