Հոդված 8
Հոդված 8
Կարգավորման միջոցները
1. Անդամ պետությունները «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 16 հավելված) VI բաժնի 9-րդ ենթաբաժնին համապատասխան, ինչպես նաև ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության մասով սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված կարգավորման հիմնական սկզբունքների պահպանմամբ ձեռնարկում և կիրառում են սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ հետևյալ կարգավորման միջոցները`
ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության մասով պարտադիր պահանջների սահմանում` հաշվի առնելով սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի դրույթները, և այդ պահանջները խախտելու համար պատասխանատվությունը,
ալկոհոլային շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացում:
2. Ալկոհոլային շուկայի մասնակիցների և նրանց գործունեության նկատմամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված կարգավորման միջոցների կիրառման և սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված պարտադիր պահանջների իրականացման կարգը սահմանվում է անդամ պետությունների կողմից, եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:
3. Կարգավորման միջոցների կիրառումը չպետք է հանգեցնի անդամ պետությունների տարածքների ծագում ունեցող ալկոհոլային արտադրանքի, ծառայությունների և ներդրումների մասով, ինչպես նաև ալկոհոլային շուկայի մասնակիցների նկատմամբ խտրականության դրսևորման, այդ թվում` ալկոհոլային շուկայի մասնակիցների կողմից ալկոհոլային արտադրանքի առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման հետ կապված քողարկված սահմանափակումների միջոցով: