Հոդված 5
Հոդված 5
Խտրականության անթույլատրելիության սկզբունքը
1. Անդամ պետությունը ցանկացած այլ անդամ պետության ալկոհոլային արտադրանքի նկատմամբ, 1994 թվականի «Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» (ՍԱԳՀ, 1994 թվական) III հոդվածին համապատասխան, կիրառում է ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ, ինչպես նաև 1994 թվականի ՍԱԳՀ-ի իմաստով ապահովում է քանակական սահմանափակումներ չկիրառելը:
2. Անդամ պետությունը ցանկացած այլ անդամ պետության ալկոհոլային շուկայի մասնակիցներին հիմնադրման և (կամ) գործունեության մասով տրամադրում է ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ, որոնք նախատեսված են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության VI բաժնի 1-ին և 2-րդ ենթաբաժիններով (Պայմանագրի թիվ 16 հավելված):
3. Անդամ պետություններից ոչ մեկը ցանկացած այլ անդամ պետության ալկոհոլային շուկայի մասնակիցների նկատմամբ նրանց հիմնադրման և (կամ) գործունեության իրականացման առնչությամբ չի կիրառում և չի սահմանում սահմանափակումներ և (կամ) լրացուցիչ պահանջներ, որոնք նախատեսված են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության VI բաժնի 3-րդ ենթաբաժնով (Պայմանագրի թիվ 16 հավելված):
4. Ալկոհոլային շուկայի մասնակիցների հիմնադրման և (կամ) գործունեության մասով սահմանափակումները և ազգային ռեժիմից կամ առավել բարենպաստության ռեժիմից բացառումներն ընդգրկված են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 2-րդ հավելված հանդիսացող` գործունեության բոլոր ոլորտների և տեսակների նկատմամբ անդամ պետությունների կիրառած «հորիզոնական» սահմանափակումների ցանկում (Պայմանագրի թիվ 16 հավելված), ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող` սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկերում։
5. Անդամ պետությունները ձգտում են ալկոհոլային շուկայի մասնակիցների հիմնադրման և (կամ) գործունեության մասով սահմանափակումների և ազգային ռեժիմից կամ առավել բարենպաստության ռեժիմից բացառումների իսպառ վերացման։