Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

Հոդված 14. Խմբակցությունների ստեղծման կարգը

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 14. Խմբակցությունների ստեղծման կարգը

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

ա) համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում.

բ) կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունում ընդգրկվում են նաև այդ դաշինքը կազմած կուսակցությունների առաջադրմամբ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

1.1. Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, և խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ Կառավարության կազմում ընդգրկված չէ:

Եթե Կառավարության կազմում ընդգրկվում է խմբակցությունն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձ, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:

Ընդդիմադիր խմբակցությունն ունի սույն օրենքով սահմանված գործունեության երաշխիքներ:

2. Խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

3. Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին:

4. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

5. Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահին կամ նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:

(14-րդ հոդվածը լրաց. 23.10.08 ՀՕ-182-Ն)

(14-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին» դրույթը՝ քվեաթերթիկներում որպես ընտրական ցուցակի թեկնածուներ չնշված պատգամավորների առնչությամբ այնքանով, որքանով նպաստում է Ազգային ժողովում ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռության փոփոխությանը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 7-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր ՍԴՈ-810 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։