Հոդված 50. Օրենքի նախագծի առաջադրման կարգը
Հոդված 50. Օրենքի նախագծի առաջադրման կարգը
1. Օրենքի նախագիծը համարվում է Ազգային ժողովում առաջադրված, եթե այն սույն օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պաշտոնապես, ինչպես նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստով ներկայացվել է Ազգային ժողովի նախագահին:
2. Եթե օրենքի նախագիծն առաջադրել են մի քանի պատգամավորներ, ապա Ազգային ժողովում քննարկումների ընթացքում որպես հեղինակ (հիմնական զեկուցող) հանդես է գալիս նրանցից մեկը (հիմնական զեկուցողի մասին նշվում է առաջադրման գրությունում): Հեղինակի (հիմնական զեկուցողի) պատգամավորական լիազորությունները դադարելու դեպքում Ազգային ժողովում տվյալ օրենքի նախագծի հետագա քննարկումների ընթացքը որոշվում է սույն օրենքի 53-րդ հոդվածի 2- 6-րդ կետերով սահմանված կարգով:
Օրենքի նախագծի հեղինակներից յուրաքանչյուրը օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո և նրա քննարկման ցանկացած փուլում կարող է դուրս գալ առաջադրողների կազմից՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարում է Ազգային ժողովի նիստում օրինագծի քննարկումից առաջ:
3. Կառավարությունն օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն առաջադրում է իր որոշմամբ, որը ներառում է՝
ա) սույն օրենքի 47-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Կառավարության լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը.
գ) անհրաժեշտության դեպքում՝ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Կառավարության եզրակացությունը:
(50-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)