Հոդված 97. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը
Հոդված 97. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը
1. Պաշտոնում թեկնածուն առաջադրվում է, ինչպես նաև պաշտոնում նշանակելու մասին առաջարկությունը ներկայացնում է Սահմանադրությամբ և օրենքով իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը:
Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին և պատգամավորական խմբերին:
Սահմանադրության 83.2-րդ հոդվածի համապատասխան հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովման նպատակներից ելնելով` օրենքով ստեղծվող անկախ կարգավորող մարմնի անդամների կեսին վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է Ազգային ժողովի նախագահին։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման առաջարկով Ազգային ժողովի նախագահը գրավոր դիմում է խմբակցություններին: Խմբակցությունների առաջարկությունների հիման վրա Ազգային ժողովի նախագահը 7-օրյա ժամկետում ձևավորում է մրցութային հանձնաժողով:
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցությունների կողմից առաջարկվում է երկու թեկնածու, իսկ մնացած խմբակցությունների կողմից` չորս թեկնածու: Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են լրագրության, հեռահաղորդակցության, գործարարության, կառավարման, իրավագիտության, կրթության, մշակույթի, կրոնի բնագավառների հեղինակավոր գործիչներ և (կամ) այդ բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները, պետական ծառայողները և քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։
Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Մրցութային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Ազգային ժողովի նախագահի սահմանած համապատասխան կարգով, իսկ մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգային հարցերը կարգավորվում են մրցութային հանձնաժողովի որոշումներով։
Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին, իսկ որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն։
Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ՝ ներկայացնելով երկու երաշխավորագիր զանգվածային լրատվության և հեռահաղորդակցության բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր կարող է տալ նաև Հանրային խորհուրդը։
Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով՝ ապահովելով տեղեկատվության մատչելիության համապետական ընդգրկվածությունը։
Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը։
Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է առնվազն մեկ մասնակից։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։
Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը` ստուգելու համար մասնակիցների գիտելիքները՝
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,
բ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
գ) «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի,
դ) «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
ե) «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
զ) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ։
Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի։
Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ ճիշտ պատասխան։
Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։
Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է հեռահաղորդակցության, լրագրության և արտահայտվելու ազատության կիրառման, ինչպես նաև կրթության, մշակույթի բնագավառների, գովազդի իրականացման, սոցիալական խմբերին կամ անչափահասներին ուղղված հաղորդումներին, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։
Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։
Եթե մրցույթի օրը մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և 10-օրյա ժամկետում անցկացվում է մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով։
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի կամ 45-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ ճիշտ չի պատասխանել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ։
Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը։
Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին։
Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցը ներկայացվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգ։
Ազգային ժողովում Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է նիստը նախագահողը, իսկ որպես թեկնածուներ դիտվում են մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցած անձինք:
Ազգային հանձնաժողովի անդամ է ընտրվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուն։
Ազգային ժողովի կողմից Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքների մասին տեղեկությունները Ազգային ժողովի նախագահը ընտրության հաջորդ օրը հրապարակում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներում։
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։
2. Ազգային ժողովի նիստում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝
ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու, իսկ Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ` մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե.
բ) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս առաջադրված թեկնածուն.
գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը:
3. Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 83.3, 83.4 և 103-րդ հոդվածներով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:
4. Եթե որևէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:
5. Եթե քվեարկությանը մասնակցել է երկու թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, և կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:
6. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝
ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.
բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:
7. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները կամ պաշտոնատար անձինք: Նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հարակից զեկուցող հանդես է գալիս որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը:
8. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաև պաշտոնատար անձի հրաժարականն ընդունելու և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:
(Վերնագիրը լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)
(97-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ., լրաց. 28.04.10 ՀՕ-111-Ն, փոփ. 08.04.10 ՀՕ-41-Ն)
(97-րդ հոդվածը 23.10.08 ՀՕ-182-Ն օրենքի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից)