Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը
Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը
1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին և փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչև հունիսի երկրորդ հինգշաբթին:
1.1. Հերթական նստաշրջանն անցկացվում է նստաշրջանի բացման օրվանից սկսած՝ երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի միջոցով, որոնց գումարման օրը, բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ կետով նախատեսված դեպքերի, կարող է Ազգային ժողովի նախագահի առաջարկությունով Ազգային ժողովի որոշմամբ տեղափոխվել նույն գումարման հերթական նստաշրջանի մեկ այլ երկուշաբթի օր: Եթե տեղափոխված չորսօրյա նիստերի գումարման կամ այլ օրը համընկնում է օրենքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրվա հետ, ապա այդ օրը նիստեր չեն անցկացվում:
1.2. Ազգային ժողովի նախագահը կարող է սույն հոդվածի 1.1-ին կետում նշված առաջարկությամբ Ազգային ժողովի նիստում հանդես գալ մինչև տեղափոխվող չորսօրյա նիստերի գումարման օրը: Չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությունից անմիջապես հետո՝ առանց քննարկման:
1.3. Չորսօրյա նիստերի գումարման օրը չի կարող տեղափոխվել, եթե այդ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու է Սահմանադրությամբ քննարկման ժամկետ ունեցող կամ սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «ե» կամ «ը» ենթակետերով նախատեսված հարց: Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում չորսօրյա նիստերի գումարման օրը կարող է տեղափոխվել ոչ ավելի, քան երկու անգամ:
Տեղափոխված չորսօրյա նիստերի գումարման օրը չի կարող համընկնել՝
ա) հաջորդ չորսօրյա նիստերի գումարման օրվա հետ, եթե այդ նիստերի գումարման օրը նույնպես չի տեղափոխվում կամ տեղափոխված չէ.
բ) մինչև չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունելը նախաձեռնված արտահերթ կամ հատուկ նիստի գումարման օրվա հետ, եթե այդ նիստը չի նախատեսվում գումարել ժամը 18.30-ից մինչև 24-ը:
2. Չորսօրյա նիստերը տեղի են ունենում ժամը 12.00-ից մինչև 18.00-ն՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:
3. Չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը՝ ժամը 17-ից, պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով, ընդ որում` սկզբում հայտարարություններով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավորներ, որից հետո հայտարարություններով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները։ Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է նիստը երկարաձգել մինչև 30 րոպեով: Նիստի տեսագրությունը հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստաընկերությամբ:
3.1. Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորսօրյա նիստերի չորեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 105.1-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում են խմբակցությունների և պատգամավորական խմբերի հարցապնդումները, իսկ դրանց բացակայության կամ քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:
4. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:
4.1 . Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում սույն օրենքի 104.2 -րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի կամ Ազգային ժողովի որոշման մեկ նախագիծ, իսկ դրա բացակայության կամ նույն նիստի ընթացքում քննարկումն ավարտվելու դեպքում քննարկվում են օրակարգային այլ հարցեր:
4.2. Եթե չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումն ավարտվում է, կամ օրակարգի վերջին հարցի քննարկումը մինչև հաջորդ չորսօրյա նիստեր ընդհատվում է`
ա) մինչև սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստի ավարտը, ապա այլ հարցեր չեն քննարկվում, և չորսօրյա նիստերը համարվում են ավարտված` այդ նիստի ավարտից հետո.
բ) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված նիստից հետո, ապա չորսօրյա նիստերն համարվում են ավարտված:
5. Օրենքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:
(35-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց., խմբ. 23.10.08 ՀՕ-182-Ն, խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.04.11 ՀՕ-70-Ն)
(35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասություններում նախատեսված դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր ՍԴՈ-678 որոշմամբ)