Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2012-05-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 13 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 99. Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

գործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 99. Նստաշրջանի ընթացքում քվեարկություններից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին հաշվառում է Աշխատակազմը:

2. Աշխատակազմը յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում պատգամավորներին տեղեկանք է տալիս նախորդ ամսվա կամ նստաշրջանի ընթացքում քվեարկություններից նրանց բացակայության մասին: Այդ տեղեկանքը ուղարկվում է նաև պատգամավորների էլեկտրոնային հասցեներին:

3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե՝

ա) նրա գործունակությունը վերականգնվելուց հետո՝ չորսօրյա ժամկետում Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ.

ա.1) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.

ա.2) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.

բ) բացակայելուց առաջ կամ քվեարկությունից հետո` չորսօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, և այն վերջինիս կողմից համարվում է հարգելի.

գ) հերթական նստաշրջանի ավարտից հետո` 15-օրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, և այն վերջինիս կողմից համարվում է հարգելի.

դ) քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում նա հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:

ե) խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը խմբակցության կամ խմբի նիստում գրանցված բոլոր անդամների մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ:

3.1. Սույն հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով քվեարկություններին մասնակցելուց խմբակցության կամ պատգամավորական խմբի հրաժարումը հարգելի է համարվում Ազգային ժողովի տվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում:

4. Նախորդ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայած պատգամավորների բացակայության հարցը ընդգրկվում է հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստերի օրակարգում:

5. Պատգամավորն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է Ազգային ժողովի նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է հաջորդ չորսօրյա նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին՝ սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ 10 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

7. Մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

8. Վերոհիշյալ որոշման հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

(99-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց., փոփ., խմբ. 30.04.09 ՀՕ-113-Ն, լրաց. 08.04.10 ՀՕ-41-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։