Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող եզրույթները նշանակում են.
ա) «Կողմ» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Արգենտինայի Հանրապետության կառավարություն, ինչպես պահանջում է ենթատեքստը,
բ) «Իրավասու մարմին» եզրույթը նշանակում է`
i. Հայաստանի Հանրապետության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,
ii. Արգենտինայի Հանրապետության կողմից` Արգենտինայի Հանրապետության պետական եկամուտների դաշնային ծառայությունը:
գ) «Անձ» եզրույթը նշանակում է ֆիզիկական անձ կամ մարդկանց խումբ,
դ) «Ընկերություն» եզրույթը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
ե) «Հասարակական առևտրային կազմակերպություն» եզրույթը նշանակում է կազմակերպություն, որի արժեթղթերի հիմնական մասը ներառված է ճանաչված ֆոնդային բորսայում՝ պայմանով, որ վերջինիս նշած արժեթղթերը կարող են հեշտությամբ գնվել կամ վաճառվել հասարակության կողմից: Արժեթղթերը կարող են գնվել կամ վաճառվել «հասարակության կողմից», եթե արժեթղթերի գնումը կամ վաճառքը ենթադրաբար կամ բացահայտ սահմանափակված չէ ներդրողների սահմանափակ որևէ խմբով,
զ) «Արժեթղթերի հիմնական մաս» եզրույթը նշանակում է արժեթղթերի տեսակ կամ տեսակներ, որն արտացոլում է ընկերության քվեարկության մասնակցելու իրավունքի մեծամասնությունը և ընկերության արժեքը,
է) «ճանաչված ֆոնդային բորսա» եզրույթը նշանակում է ֆոնդային բորսա, որը ճանաչված է Կողմերի իրավասու մարմինների կողմից,
ը) «կոլեկտիվ ներդրումային ֆոնդ կամ ծրագիր» եզրույթը նշանակում է միավորված ներդրումային միջոց, անկախ իրավական ձևից: «Հանրային կոլեկտիվ ներդրումային ֆոնդ կամ ծրագիր» հասկացությունը նշանակում է կոլեկտիվ ներդրումային ֆոնդ կամ ծրագիր, եթե ֆոնդում և ծրագրում ներկայացված միավորները, արժեթղթերը կամ այլ տոկոսները կարող են հեշտությամբ գնվել կամ վաճառվել հասարակության կողմից: Ֆոնդում կամ ծրագրում միավորները, արժեթղթերը կամ տոկոսները կարող են հեշտությամբ գնվել, վաճառվել կամ հետգնվել հասարակության կողմից, եթե գնումը, վաճառքը կամ հետգնումը ենթադրաբար կամ բացահայտ սահմանափակված չեն ներդրողների սահմանափակ որևէ խմբով.
թ) «Հարկ» եզրույթը նշանակում է ցանկացած հարկ, որի նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը` վերջինիս 4-րդ հոդվածի համաձայն,
ժ) «Հարցող Կողմ» եզրույթը նշանակում է տեղեկատվություն հայցող,
ժա) «Հարցվող Կողմ» եզրույթը նշանակում է Կողմ, որից հայցվում է տեղեկատվության տրամադրումը,
ժբ) «տեղեկատվության հավաքագրման չափանիշներ» եզրույթը նշանակում է վարչարարական կամ դատական ընթացակարգեր և կանոններ, որոնք հնարավորություն են տալիս Կողմին ստանալ և տրամադրել հայցվող տեղեկատվությունը,
ժգ) «տեղեկատվություն» եզրույթը նշանակում է ցանկացած տեսակի փաստ, ծանուցում կամ գրանցում, որը կարևոր է սույն Համաձայնագրում ընդգրկված հարկերին առնչվող վարչարարության և դրանց կիրառման համար,
ժդ) «հարկային խախտումներ» եզրույթը նշանակում է հանցանքներ կամ իրավախախտումներ, որոնք իրականացվում են հարկային դաշտում, և որոնք Կողմերի պետությունների ներպետական օրենսդրությամբ համարվում են այդպիսին, անկախ այն հանգամանքից, թե դրանք նախատեսված են հարկային օրենքներով, քրեական օրենսգրքով, թե այլ իրավական ակտերով,
ժե) «քրեական օրենքներ» եզրույթը նշանակում է ներպետական օրենսդրության բոլոր քրեական նորմեր նախատեսող օրենքները, անկախ նրանից, թե դրանք նախատեսված են հարկային օրենքներով, քրեական օրենսգրքով, թե այլ իրավական ակտերով,
2. Ինչ վերաբերում է ցանկացած ժամանակ Կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն Համաձայնագրի կիրառմանը, ապա չսահմանված ցանկացած եզրույթ, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, կօգտագործվի այն նշանակությամբ, որը տվյալ ժամանակահատվածում սահմանված է այդ Կողմի պետության գործող օրենսդրությամբ, և այդ Կողմի կիրառվող հարկային օրենքներով սահմանված եզրույթը գերակայում է այդ Կողմի այլ օրենքներով սահմանված եզրույթների նկատմամբ: