Հոդված 11
Հոդված 11
1. Սույն Համաձայնագրի ներքո կարողությունների զարգացումը կբարելավի զարգացող երկիր հանդիսացող Կողմերի կարողություններն ու ունակությունները, մասնավորապես` առավել թույլ կարողություններ ունեցող երկրների դեպքում, ինչպիսիք են առավել թույլ զարգացած երկրները, և այն երկրները, որոնք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքներից, ինչպիսիք են զարգացող փոքր կղզի-պետությունները, որպեսզի ձեռնարկվեն կլիմայի փոփոխությանն արձագանքման արդյունավետ գործողություններ, ներառյալ, ի թիվս այլնի, հարմարվողականության և հետևանքների մեղմացման գործողությունների իրականացումը, ինչպես նաև կդյուրացվեն տեխնոլոգիաների զարգացումը, տարածումն ու ներդրումը, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման ու հարմարվողականության ծրագրերի համար ֆինանսական միջոցների հասանելիությունը, կրթության, ուսուցման և հանրությանն իրազեկման համապատասխան ասպեկտները և տեղեկությունների թափանցիկ, ժամանակին և ճշգրիտ հաղորդումը:
2. Կարողությունների զարգացումը պետք է լինի պետության նախաձեռնությամբ, հիմնված լինի ազգային կարիքների վրա, արձագանքի դրանց և խթանի Կողմերի, մասնավորապես` զարգացող երկիր հանդիսացող Կողմերի` իրենց երկրների նկատմամբ սեփականատիրոջ զգացման ձևավորումը` ներառելով ազգային, ենթաազգային և տեղական մակարդակները: Կարողությունների զարգացումը պետք է ուղղորդվի քաղված դասերով, այդ թվում` Կոնվենցիայի ներքո կարողությունների զարգացման գործողությունների ներքո քաղված դասերով, և պետք է լինի արդյունավետ, պարբերական գործընթաց, որը մասնակցային, համալիր գործընթաց է և հաշվի է առնում գենդերային ասպեկտները:
3. Բոլոր Կողմերը կհամագործակցեն` զարգացող երկիր հանդիսացող Կողմերի` սույն Համաձայնագիրն իրականացնելու կարողությունները խթանելու համար: Զարգացած երկիր հանդիսացող Կողմերը կընդլայնեն զարգացող երկիր հանդիսացող Կողմերի երկրներում կարողությունների զարգացման գործողությունների համար ցուցաբերվող աջակցությունը:
4. Բոլոր այն Կողմերը, որոնք ամրապնդում են Զարգացող երկիր հանդիսացող Կողմերի` սույն Համաձայնագիրն իրականացնելու կարողությունները, այդ թվում` տարածաշրջանային, երկկողմ և բազմակողմ մոտեցումների միջոցով, կանոնավոր կերպով տեղեկատվություն կներկայացնեն կարողությունների զարգացման այդ գործողությունների կամ միջոցների վերաբերյալ: Զարգացող երկիր հանդիսացող Կողմերը կանոնավոր կերպով տեղեկություն կներկայացնեն սույն Համաձայնագիրն իրականացնելու կարողությունների զարգացման պլանների, քաղաքականության, գործողությունների առաջընթացի կամ սույն Համաձայնագիրն իրականացնելու միջոցների վերաբերյալ:
5. Սույն Համաձայնագրի իրականացմանն աջակցելու նպատակով կարողությունների զարգացման գործողությունները կխթանվեն համապատասխան ինստիտուցիոնալ կարգավորումների միջոցով, ներառյալ Կոնվենցիայով սահմանված այն համապատասխան ինստիտուցիոնալ կարգավորումները, որոնք ծառայում են սույն Համաձայնագրին: Որպես սույն Համաձայնագրի Կողմերի խորհրդաժողով ծառայող Կողմերի Համաժողովը իր առաջին նիստում կքննարկի կարողությունների զարգացման համար նախնական ինստիտուցիոնալ կարգավորումները և որոշում կընդունի դրանց վերաբերյալ: